Մոսկվայում սպանված 40-ամյա Աշոտ Բոլյանը «օրենքով գող» Մասիվցի Անդիկի գործով որեւէ կարգավիճակ չուներ. ՔԿ
Նոյեմբերի 13-ին Մոսկվայում սպանված թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանն «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ, շարունակվում է ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները:
Նշենք, որ դեռ հայտնի չէ սպանության պատվիրատուն:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում։
Երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում եւ գլխին, ու դիմել փախուստի:
Operativ լրատվականը ցուցադրել էր նաև համացանցում թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից հայտնված կադրերը:
Աշոտ Բոլյանի սպանությունը պատվիրված էր. այս կարծիքն էր հայտնել նրա փաստաբանը: