Սարդարապատի թանգարանը նոր տնօրեն ունի
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Կարեն Փահլեւանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը:
Պաշտպանության նախարարությունում, որի հաշվեկշռում է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, տնօրենի համար հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել է 7 մարդ:
Բանավոր եւ գրավոր փուլերի արդյունքում քննող հանձնաժողովը հաղթող էր ճանաչել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի այդ պահին գործող տնօրեն Կարեն Արիստակեսյանին եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կարեն Փահլեւանյանին։
Հիշեցնենք, ավելի վաղ բազմիցս Operativ լրատվականը անդրադարձել էր թանգարանի արդեն նախկին տնօրեն Կ. Արիստակեսյանի շուրջ աղմուկին, անգամ նախկին աշխատակիցների ահազանգներին, որոնք պնդում էին, որ նա հաշվեհարդար է տեսնում բոլոր այն աշխատողների հետ, ովքեր երկար տարիներ աշխատել են թանգարանում, կարելի է ասել, թանգարանի հիմնադրման օրվանից՝ վիրավորելով նրանց ամենատգեղ արտահայտություններով:
Հիշեցնենք նաև, որ լուրեր էին պտտվում, թե թանգարանի նախկին տնօրենը ծեծի է ենթարկել իր աշխատակցուհուն: