Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում նախկին տարիներին ԱՄՆ ներկայացնող դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի, Մայքլ Լեմոնի հետ
Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում նախկին տարիներին Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի եւ Մայքլ Լեմոնի հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնաթող դիվանագետներին հատկապես հետաքրքրում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից անցկացվող համակարգային բարեփոխումները:
«Շատ կարեւոր էր տեսնել, որ դեսպանները ոչ միայն ուրախ էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով եւ զարգացումներով, այլեւ հստակ արձանագրեցին, որ նաեւ Ամերիկայում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. Հայաստանն այժմ այլ ընկալումներ ունի եւ այլ ճանաչողության մակարդակ», - հանդիպումից հետո պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:
Նախկին դեսպաններին, որոնք Երեւանում իրենց պաշտոնավարման տարիներին ուշադիր հետեւել են Հայաստանում ընթացող զարգացումներին, հատկապես հետաքրքրում էին նոր պայմաններում խորհրդարանի դերն ու նախատեսվող բարեփոխումները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ նշեց, որ խորհրդարանում աշխատանք է ընթանում նախկին իշխանություններից ժառանգած գերհզոր գործադիրին հավասարակշռելու խորհրդարանական միջոցների մշակումը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցն իր կողմից նշեց, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ավարտված կլինի 2020 թվականին:
Ուրբաթ օրվա երկրորդ կեսին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի նաեւ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում: Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով, ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած հանդիպումները կարեւոր հիմք են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար.
«Մենք մի քանի հիմնական ուղղություններ նշել ենք այս պահի դրությամբ. Ինստիտուտների հաստատում, ժողովրդավարություն, հակակոռուպցիոն մարմինների ստեղծում եւ մի շարք այլ ռեֆորմներ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել եւ պայմանավորվել աշխատել միասին եւ հենց այդ աշխատանքի արդյունքում այդ բովանդակային էլեմենտը կդառնա ավելի շոշափելի եւ առարկայական»:
«Թավշյա հեղափոխությունից» հետո ընտրված նոր խորհրդարանում սա հայ-ամերիկյան խորհրդարանական խմբի անդամների առաջին այցն էր Միացյալ Նահանգների մայրաքաղաք: Պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ այցի ընթացքում հայ օրենսդիրները փորձելու են ռազմավարական մակարդակի բարձրացված հայ-ամերիկյան գործընկերությունը պարզ բովանդակությամբ լցնել: