Աշոտ Բոլյանի սպանությունը պատվիրված էր. փաստաբան (Տեսանյութ)
Դա միանշանակ պատվիրված սպանություն է: Այս մասին հայտարարել է փաստաբան Կարեն Ներսիսյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանությունը:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ Նախիմովսկի պողոտայի բազմաբնակարան շենքի բնակիչները, որտեղ նոյեմբերի 13-ին սպանվել էր 40-ամյա Բոլյանը, վստահեցնում են, որ կրակոցի ձայներ չեն լսել: Դա հաստատում է այն վարկածը, որ հանցագործը խլացուցիչով զենք է օգտագործել: Գրեթե մեկ ժամ Բոլյանի մարմինը մնացել է մայթին: Մարմինը հայտնաբերել է հարեւանը, որն էլ ոստիկանություն է կանչել: Տաք հետքերով մարդասպանին հայտնաբերել չի հաջողվել:
«Դա միանշանակ պատվիրված սպանություն է: Դատելով հանցանքի պատկերից՝ գործել է պրոֆեսիոնալ քիլեր: Նա ընդամենը մեկ կրակոց է արձակել: Դժվար է նման քրեական գործեր հետաքննելը: Միայն մեկ խորհուրդ կարող է լինել՝ փնտրեք նրան, ում դա ձեռնտու էր: Ես նույնիսկ տարբերակներ չունեմ: Աշոտ Բոլյանը հարգված մարզիկ էր, ով ամբողջ կյանքն իր աշխատանքով է հասել ամեն ինչի: Նա մեծացել է աղքատ ընտանիքում: Մոսկվայի հայ սփյուռքը նրան հարգում էր: Բոլորը շոկի մեջ են: Կարծես 90-ականների վերադարձը լինի, երբ մարդկանց սպանում էին օրը ցերեկով»,- ասել է փաստաբանը: