ԱՄՆ-ում ճակատին պոչով շան ձագ են գտել
Ամերիկյան Միսուրի նահանգում ճակատին պոչով շան ձագ են գտել, հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին։ Փրկարարները շանը Նարվալ են անվանել՝ ի պատիվ նարվալ կետերի, որոնց ճակատին երկար եղջյուր կա։ Ձագի լրիվ անունն է՝ Նարվալ, փոքրիկ կախարդական փափուկ միաեղջյուր
Կենդանիների փրկրկության Mac's Mission խումբը մասնագիտանում է հատուկ պահանջներով՝ վնասվածքներով կամ զարգացման արատներով, անասնաբուժական օգնության կարիք ունեցող շների օգնության հարցերում։ Նրանք փրկում են հրազենային վնասվածքով, ծեծված, լքված կենդանիներին, որոնց հաճախ սպառնում է քնեցնելը, եւ նրանց համար նոր տերեր են գտնում։
Շան ոչ սովորական ձագի մասին փրկարարներն իմացել են անցորդի զանգից, որը փողոցում նկատել էր շնիկին։ Սառը եղանակի պատճառով նա մի փոքր ցրտահարվել էր։
Անասնաբույժի զննությունից պարզվել է, որ ձագը 10 շաբաթական է եւ առողջ է, բացառությամբ ճիճուների, որոնցից նրան բուժել են։
Ռենտգենյան նկարները ցույց են տվել, որ Նարվալի ճակատի պոչի մեջ ոսկորներ չկան, այն կապված չէ գանգի հետ, այսինքն լրիվ անօգուտ է։ Սակայն շանը դա բոլորովին չի խանգարում, այդ պատճառով հեռացնելու կարիք չկա։
Կազմակերպության աշխատակիցներն ու սոցցանցերում հետեւորդները նույնիսկ մի քիչ տխրել են, որ Նարվալը չի կարող շարժել ճակատային պոչը։ Նրանք կենդանուն արդեն «շնաեղջյուր» են անվանել եւ ակտիվորեն պատմում են նրա պատմությունը Facebook-ում։ Ոմանք նույնիսկ վրդովվել են, որ ձագին, այնուամենայնիվ, չեն վիրահատել՝ թիմին մեղադրելով ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելու մեջ։Սակայ կազմակերպության ներկայացուցիչները բացատրում են, որ պոչի հեռացման բժշկական ցուցումներ չկան, այդ պատճառով չարժի շնիկին անիմաստ վիրահատության ենթարկել։
Շան ձագի հետ միասին եղել է նաեւ մեծ շուն, ենթադրաբար՝ նրա հայրը, տաքսայի մետիս։ Նարվալն ինքը հիշեցնում է կարճ թաթիկներով տաքսայի, սակայն նրա մորթին ավելի բաց է, ինչը հաճախ ռետրիվերների մոտ է հանդիպում։
Անասնաբույժ Բրայան Հերինգը, որը հետազոտել է Նարվալին, նշել է, որ իր պրակտիկայի տարիներին շատ անոմալիաներ է տեսել, սակայն ճակատին պոչ առաջին անգամ է հանդիպում։ Ի դեպ, նա վստահ է, որ շնիկի կյանքի որակի վրա այդ յուրահատկությունը չի ազդի։
Հերինգը չի կարող ասել, թե ինչն է նման անոմալիայի պատճառ դարձել, սակայն ենթադրում է, որ հավանաբար ներարգանդային շրջանում մի պտուղը կլանել է մյուսին։
Դա տեղի է ունենում շների հղիության 10-15 տոկոս դեպքերում՝ պտուղներից մեկն ասիմիլացվում է մյուսների կամ մոր կողմից։ Երբ դա տեղի է ունենում զարգացման ուշ շրջանում, կարող է վիժում առաջանալ, սակայն վաղ շրջանում դա լուրջ խնդիրներ չի առաջացնում։
Հայտնի չէ, թե ինչպես են Նարվալը եւ նրա ենթադրյալ հայրը հայտնվել փողոցում։ Սակայն այժմ երկուսն էլ առողջ են, գտնվում են տեղի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում եւ սպասում են նոր տերերի։