ԱՄՆ-ում տնային տնտեսությունների պարտքերը աճել են մինչեւ ռեկորդային 14 տրիլիոն դոլար
ԱՄՆ-ում տնային տնտեսությունների պարտքերը երրորդ եռամսյակում աճել են 3,3 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, եւ 0,7 տոկոսով՝ համեմատած նախորդ եռամսյակի հետ՝ հասնելով 13,95 տրիլիոն դոլարի, տեղեկացրել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկը, հայտնում է «Վեստի»-ն։
Ժամկետանց պարտքերը երկրորդ եռամսյակում 4,4 տոկոսից աճել են՝ երրորդ եռամսյակում հասնելով մինչեւ 4,8 տոկոսի։ ԱՄՆ-ում տնային տնտեսությունների պարտքը աճում է 21-րդ եռամսյակն անընդմեջ եւ թարմացրել է ռեկորդը։
Նախորդ պատմական մաքսիմումին՝ 12,68 տրիլիոնի հասել էր ճգնաժամային 2008թ․ երրորդ եռամսյակում։
Ամերիկյան տնային տնտեսությունների ընդհանուր պարտքի ամենամեծ մասնաբաժինը (67,7 տոկոս) կազմում են հիփոթեքային վարկերը, որոնք աճել են 31 մլրդ դոլարով՝ հասնելով 9,44 տրիլիոնի։ Երկրորդ տեղում կրթական վարկերն են՝ 10,8 տոկոս (1,5 տրիլիոն) մասնաբաժնով եւ ավտովարկերը 9,5 տոկոս (1,32 տրիլիոն) մասնաբաժնով։ Ընդհանուր պարտքի եւս 6,3 տոկոսը բաժին է ընկնում վարկային քարտերին եւ կազմում է 880 մլրդ դոլար։
«2019թ․ երրորդ եռամսյակում մեծացվել են վարկերի տրամադրման նոր ժամկետները, ընդ որում՝ ավտովարկերի տրամադրման ծավալը հասել է ռեկորդային առավելագույնի, իսկ հիփոթեքային վարկերի ծավալը զգալիորեն աճել է՝ համեմատած անցյալ տարվա հետ։ Տվյալները վկայում են այն մասին, որ տնային տնտեսությունները ցածր տոկոսադրույքներն օգտագործում են վարկեր ստանալու համար»,- ասել է նյույորքյան ԴՊՀ գիտաշխատող Դոնհուն Լին։