Վարչապետի խոսքերում աննկարագրելի ատելություն կա բոլոր քաղաքացիների հանդեպ, որոնք «քայլողների» դասին չեն պատկանում կամ համարձակվում են իշխանության «թանին թթու» ասել, հիմա էլ Սատանայի հետ համագործակցության մասին հանձնարարականներ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները»:
Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են կառավարության երեկվա նիստում: Թվում էր՝ «սատանիստական» թեմաներով հերթական հումորն է (մի քանի օր առաջ միանգամից երեք գրառում էր կատարել վարչապետն այս թեմայով), մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին չխնդրեց հաստատել:
Վերջինս ամենայն լրջությամբ ասաց. «Այո, իսկապես մի քանի օր առաջ նման հանձնարարական ստացել ենք, կզեկուցենք Ձեզ»: Ինչպես ասում են՝ հասանք տեղ:
Սա նույնիսկ մեկնաբանության ենթակա չէ, սա պարզապես, մեղմ ասած, անհասկանալի է, ինչպես անհասկանալի էին նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի բառապաշարն ու խոսելաոճը:
Երբ հարց է բարձրացվում, թե ինչու է մեր հասարակության մեջ միմյանց նկատմամբ այսքան շատ չարությունը, ատելությունը, մաղձը, բավական է միայն նորից դիտել վարչապետի՝ այդ օրվա ելույթները:
Դրանց մեջ, ցավոք, աննկարագրելի ատելություն կար բոլոր այն քաղաքացիների հանդեպ, որոնք «քայլողների» դասին չեն պատկանում, որոնք համարձակվում են իշխանության «թանին թթու» ասել, որոնք այնպես չեն մտածում, ինչպես իրենք:
Այնինչ, միամտորեն մտածում էինք, որ երկրի ղեկավարը բոլորի ղեկավարն է՝ անկախ նրա հանդեպ վերաբերմունքից, որ անխտիր բոլորը պետք է լինեն նրա պաշտպանության ներքո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: