Թրամփը ջանքեր է գործադրում, որպեսզի լուծի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ Էրդողան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջանքեր է գործադրում, որպեսզի լուծի Ներկայացուցիչների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այս մասին Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Թրամփը ջանքեր է նախաձեռնում, որպեսզի գտնի այդ հարցի ազգային շահերի եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված լուծումը։ Այն շրջանակները, որ տրամադրված են Թրամփի դեմ, ամեն ինչ անում են մեր հարաբերությունները փչացնելու համար։ Սա է գլխավոր պատճառը, որ 1915թ․ իրադարձություններին վերաբերող բանաձեւը պատժամիջոցների հետ միասին անցավ Ներկայացուցիչների պալատով»,- Վաշինգտոնից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին քվեարկել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Փաստաթղթի ընդունմանը կողմ էին քվեարկել 405, դեմ՝ 11 խորհրդարանականներ։ Նույն օրը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը կանչվել էր երկրի ԱԳՆ։
Սենատոր-հանրապետական Լինդսի Գրեմը նախօրեին հայտարարել է, որ արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը։