Թրամփն ու Էրդողանը համաձայնության չեն հասել Ս-400-ի հարցում
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացումներին, որ ինքն ու իր թուրք գործընկերը «շատ լավ ընկերներ են», Սպիտակ տանը նրանց հանդիպումը չի կարողացել լուծել խնդիրը, որն այդքան ուժգին սրել էր ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ հարաբերությունները, փոխանցում է AP-ն:
Թրամփն ու Էրդողանը հանդիպումն ավարտել են՝ համաձայնության չհասնելով ռուսական Ս-400 համակարգերը գնելու եւ տեղադրելու Թուրքիայի որոշման վերաբերյալ: Սա ՆԱՏՕ-ի անվտանգության համար այնպիսի սպառնալիք է ստեղծում, որ ԱՄՆ-ն կասեցրել էր Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների արտադրության բազմազգ ծրագրին:
Թուրքիան քննադատության է ենթարկվել նաեւ քրդերի վրա հարձակվելու նպատակով Սիրիա ներխուժելու պատճառով, որոնք ԱՄՆ-ի հետ մարտնչել են «Իսլամական պետության» դեմ: Դրանից բացի, Թուրքիային քննադատել են քաղաքական ընդդիմախեսներին, լրագրողներին եւ այլոց բռնաճնշումների ենթարկելու համար:
Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ՀՀՊ համակարգերի գնումը «լուրջ խնդիրներ» է ստեղծում, բայց հույս ունի, որ դրանք կարող են լուծվել: Նա հայտնել է, որ այս հարցը քննարկել է Էրդողանի հետ եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ մյուս խորհրդականներին խնդրել է աշխատել այս խնդրի վրա: