Թրամփը հուսով է «մի բան մտածել» Թուրքիային F-35-ի ծրագրից հանելու կապակցությամբ
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սենատոր-հանրապետականների հետ քննարկել են F-35 ռմբակոծիչների արտադրության ծրագիրն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հանել էր Թուրքիային ծրագրից՝ կապված ռուսական հակահրթիռային պաշտպանության С-400 համակարգերի գնման հետ, հայտնում է Reuters-ը։
Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, որին մասնակցել են հինգ սենատոր-հանրապետականներ, պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, լրագրողը հարցրել է Թրամփին F-35 ծրագրի մասին։ «Ահա թե ինչու ենք մենք այստեղ , մենք խոսում ենք մեր սենատորների հետ։ Կան շատ այլընտրանքներ։ Մենք մի բան կմտածենք։ Ես կարծում եմ, որ մենք մի բան կմտածենք»,- ասել է Թրամփը։
Թրամփի եւ Էրդողանի հանդիպումը անցել է բողոքի ցույցերի ֆոնին։ AP-ը հայտնում է, որ տասնյակ քրդեր եւ նրանց կողմնակիցները քրդական եւ ամերիկյան դրոշներ են ծածանում Սպիտակ տան մոտ՝ ի նշան Թրամփի եւ Էրդողանի հանդիպման դեմ բողոքի։
Ցուցարարները հավաքվել են Լաֆայետ այգում, Սպիտակ տան փողոցի մյուս կողմում եւ Սիրիայի հյուսիսից թուրքական ուժերը դուրս բերելու պահանջով կարգախոսներ են վանկարկում։
Սպիտակ տանը հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել էր, թե վեց ամսից կամ երկու տարուց Թուրքիան կկարողանա Սիրիայի հյուսիսում, այսպես կոչված, «անվտանգության գոտի» հայրենադարձել մոտ 1 միլիոն փախստականների, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում։ Նա օգնության ցուցաբերման համար հուսով է գրավել միջազգային դոնորներին։ Էրդողանը հայտարարել է, թե այդ մեկ միլիոնը կարող է հայրենադարձվել Ռաքքա կամ Դեյր Էր Զոր։