Ճարպակալմամբ կինը գաստրոպլաստիկայի, դիետայի եւ սպորտի շնորհիվ 57 կիլոգրամով նիհարել է (լուսանկարներ)
Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգից 31-ամյա Նիկոլ Կապերիլան թեւքային գաստրոպլաստիկայի, դիետայի եւ սպորտի շնորհիվ 57 կիլոգրամով նիհարել է։ Նիհարելն օգնել է բարելավել առողջությունը եւ Նիկոլին ազատել է նախանձ ընկերներից։
The Daily Mail-ը հայտնում է, որ Նիկոլն ավելորդ քաշը հավաքել է առաջին հղիության ժամանակ։ Նա փորձել է դիետաներ, սակայն երկար դրանց հետեւել չի հաջողվել՝ նա շատ է կերել վնասակար սնունդ, այդ թվում՝ բուրգերներ, պիցցա եւ ֆասֆուդ, որոնց մեջ շատ անօգուտ ածխաջրեր եւ ճարպեր կան։
Մի պահ Նիկոլը կշռել է 120 կգ եւ բողոքել է էներգիայի բացակայությունից ու շնչարգելությունից։
«Հիշում եմ, թե ինչպես մի անգամ արթնացա այն տագնապից, որ դադարել եմ քնի մեջ շնչել»,- պատմել է նա։
2017թ․, հերթական անգամ նայելով սեփական լուսանկարները, Նիկոլը որոշել է իրեն տեսքի բերել։ Նրան թեւքային գաստրոպլաստիկա՝ վիրաբուժական ճանապարհով ստամոքսի ծավալը փոքրացնելու վիրահատություն են արել։
Այդ պրոցեդուրայից հետո վերականգնվելով՝ Նիկոլը սկսել է շաբաթական 5-6 անգամ սպորտով զբաղվել, ինչպես նաեւ փոխել է սննդակարգը։ Կարդիոմարզումների եւ պրոտեինային դիետայի շնորհիվ նրան հաջողվել է նիհարել մինչեւ 63 կիլոգրամ։
Նրա ամուսինը՝ Չառլին, ամեն կերպ սատարել է կնոջը, սակայն մտերիմ ընկերները հեգնել են։
«Ես նրանցից իմ առաջընթացի մասին կոպիտ մեկնաբանություններ էի լսում։ Եւ ես խոսում եմ մարդկանց մասին, որոնց հետ մանկությունից էի ընկերություն անում,- խոստովանել է Նիկոլը,- Նրանք բոլորովին ինձ չէին սատարում, միայն քննադատում եւ նվաստացնում էին։ Նրանք նույնիսկ չէին մտածում, որ իրենց կատակներն ինձ ցավ են պատճառում։ Նրանք հեգնում էին հագուստի իմ ընտրությունը եւ ասում էին, թե ես հեռու եմ իդեալ լինելուց։ Նրանք շատ բացասաբար էին տրամադրված»։
Ժամանակի հետ Նիկոլը հասկացել է, որ ընկերներն իրեն պարզապես նախանձում են եւ դադարել է նրանց հետ շփվել։
Այժմ Նիկոլն աշխատում է անձնական ֆիթնես-մարզչի հետ եւ շրջապատին ոգեւորում է իր օրինակով։
«Եթե դու ուզում ես նիհարել, ահա քեզ իմ խորհուրդը՝ սկսիր այսօր,- ասում է նա,- Մի սպասիր երկուշաբթիին։ Դա արա հենց հիմա, եւ բնականաբար, միայն քեզ համար»։
Լուսանկարները՝ Nicole Caperilla-ի