Մեր աղոթքն ենք մատուցում համայնքի հոգևոր հովվի և նրա հոր հոգիների խաղաղության համար. Գարեգին Բ
Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Կամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով սպանվել են հայ կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովսեփ քհն. Պետոյանը և նրա հայրը, ինչպես նաև վիրավորվել է նրանց ուղեկցող սարկավագը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։
Ըստ Գարեգին Բ Վեհափառի՝ նման հանցագործությունը չի կարող ունենալ որևէ արդարացում: Ըստ նրա՝ 21-րդ դարը պիտի լինի ժամանակաշրջան, որ աշխարհի բոլոր ծագերում տարբեր ազգերի ու կրոնների խաղաղ գոյակցությունը այլընտրանք չունենա, որ թե՛ նախկին և թե՛ ներկայիս կատարված հանցագործությունները ստանան իրենց արդար գնահատականը՝ հանուն խաղաղ ու ստեղծագործ կյանքի հաստատման:
«Խստորեն դատապարտելով աստվածաստեղծ կյանքի դեմ հանցավոր ցանկացած ոտնձգություն` Մեր աղոթքն ենք մատուցում Երկնավորին` Արժ. Տ. Հովսեփ քհն. Պետոյանի և նրա հոր հոգիների խաղաղության ու հանգստության համար և մեր վշակցությունը բերում նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում վիրավոր սարկավագին», գրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: