Չինաստանը, որը վերջին երեք տարիներին առաջատարն էր Ռուսաստան թանկարժեք քարերի ներմուծման գծով, տեղը կզիջի Հայաստանին
«FinExpertiza» միջազգային հաշվեքննիչ-քոնսալթինգային վերլուծաբանական ծառայությունը հրապարակել է տվյալներ Ռուսաստան ներկրվող թանկարժեք քարերի եւ մետաղների, ինչպես նաեւ դրանցից պատրաստված իրերի մասին 2019 թվականի հունվար-օգոստոս կտրվածքով։
Չինաստանը, որը վերջին երեք տարիներին առաջատարն էր Ռուսաստան թանկարժեք քարերի ներմուծման գծով, տեղը կզիջի Հայաստանին։
«Առաջին ութ ամիսներին Հայաստանից ներկրվել են 140,9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր, այն դեպքում, երբ Չինաստանից՝ մոտ 61,8 մլն դոլարի։ Հայաստանից առաջին հերթին ներկրում են թանկարժեք մետաղաջարդոն (95,9 մլն դոլար) եւ ադամանդներ (33,2 մլն դոլար)»,- գրում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով «FinExpertiza»-ի տվյալներին։
Ներկրված թանկարժեք իրերի ընդհանուր արժեքը հեռավոր արտասահմանից եւ ԱՊՀ երկրներից կազմել է 658,8 մլն դոլար, ինչը 45,75 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։
2019 թվականին Ռուսաստանին թանկարժեք իրերի խոշոր մատակարարների հնգյակի մեջ են մտել Իտալիան (58,3 մլն դոլար), Մեծ Բրիտանիան (49,8 մլն) եւ Գերմանիան (34,5 մլն)։