2017-ին ցուցարարների վրա հարձակված Էրդողանի թիկնապահների մուտքը ԱՄՆ՝ Կոնգրեսականը Պետդեպին կոչ է անում արգելել
Կոնգրեսական Լիզ Չեյնին Պետդեպարտամենտին կոչ է անում արգելել այն անձանց մուտքը երկիր, որոնք ուղեկցում էի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2017 թվականին եւ մասնակցել են ԱՄՆ քաղաքացիների վրա հարձակմանը Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ, տեղեկացնում է The Hill-ը։
Նշենք, որ նոյեմբերի 13-ին Էրդողանը կժամանի Վաշինգտոն՝ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում Չեյնին նշել է, որ 2017 թվականի հարձակումն առաջին նման միջադեպն էր, երբ «Էրդողանի ավազակները օգտագործեցին ավտորիտար տակտիկա ամերիկացիների դեմ»։
«Վաշինգտոն (Կոլումբիա օկրուգ) կատարած իր վերջին այցելության ժամանակ, 2017-ին, նախագահ Էրդողանի այսպես կոչված «անվտանգության սուբյեկտները» դաժանաբար հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ»,- գրել է նա։ «Առնվազն տասնմեկ մարդ վնասվածքներ ստացավ օրվա ընթացքում, ներառյալ իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ամեն օր պաշտպանում են ամերիկացիների սահմանադրական իրավունքները եւ ֆիզիկական անվտանգությունը»։
Հիշեցնենք, որ բողոքի այդ ակցիային մասնակցում էին հայեր, քրդեր եւ հույներ։
Չեյնին, որը կտրականապես դեմ էր ամերիկյան զորքերի դուրսբերմանը Սիրիայի հյուսիսից քուրդ դաշնակիցների վրա թուրքական հարձակման նախօրեին, ասել է, որ նման վարքագիծը կարող է սովորական լեզու լինել Թուրքիայի համար, բայց ոչ ԱՄՆ-ի։
«Դա ճիշտ չէ եւ տագնապալի է, դա վիրավորում է ամերիկյան արժեքներն ու բնավ ցանկալի չէ այստեղ։ Էրդողանի ռեժիմը բռնություն է կիրառում անմեղ քաղաքացիական անձանց դեմ ցանկացած վայրում, ինչն անմարդկային է, անքաղաքակիրթ եւ անթույլատրելի»,- շարունակել է նա։
Չեյնին խնդրել է Պետդեպարտամենտից հավաստիացնել, որ «նրանք, ովքեր եղել են Միացյալ Նահանգներում նախագահ Էրդողանի հետ 2017 թվականի մայիսին եւ մասնակցել են ֆիզիկական հարձակումներին ամերիկյան քաղաքացիների դեմ, չեն մտնի Միացյալ Նահանգներ այս շաբաթ»։ Նա նաեւ կոչ է արել արտաքսել նրանց, եթե հանկարծ գան։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր խաղաղ բողոքում են Էրդողանի այցի դեմ՝ ավելացնելով, որ չափազանց կարեւոր է թույլ տալ մարդկանց իրագործել իրենց իրավունքները Սահմանադրության Առաջին լրացման համաձայն։
Ավելի վաղ երկկուսակցական օրենսդիրների մի խումբ նախագահին կոչ էր արել չեղարկել Էրդողանի հրավերը՝ չորեքշաբթի գալ Սպիտակ տուն, վկայակոչելով մտահոգությունը Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման առիթով։