Էրդողանի թիկնապահները 2017-ի մայիսին Վաշինգտոնում օգտագործել են «անհայտ աերոզոլ». Հայ դատի հանձնախումբ
Պետդեպարտամենտի աշխատակիցների հրապարակած գաղտնազերծված հաշվետվությունում նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները «անհայտ աերոզոլ» են փչել 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Պետդեպարտամենտում անվտանգության ապահովման բաժնի լիազորված անձը պաշտոնական հաշվետվությունում տեղեկացրել է, որ մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, թե Թուրքիայի նախագահի անվտանգության ուժերն օգտագործել են մի ինչ-որ անհայտ աերոզոլ բողոքողների դեմ։ Լիազորված անձը պատասխանատու է եղել Թուրքիայի նախագահի անվտանգության համար Վաշինգտոն այցի ընթացքում։
Հայ դատի հանձնախումբը դիմել է պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ անվտանգության օտարերկրյա ուժերի կողմից ԱՄՆ մայրաքաղաքում ամերիկացիների դեմ աերոզոլ օգտագործելու առիթով հետաքննության արդյունքները հրապարակելու խնդրանքով։