Իսպանիան Ավստրիայից պահանջել է հանձնել միլիոնավոր եվրոների լվացման մեջ կասկածվող ռուսաստանցի պաշտոնյային
Իսպանիայի հարավային Մարբել քաղաքի քննչական դատարանը նոյեմբերի 9-ին Ավստրիայից պահանջել է անհապաղ հանձնել Ռուսաստանի մշակույթի նախարարության ունեցվածքի եւ ներդրումային քաղաքականության վարչության նախկին պետ Բորիս Մազոյին, հայտնում է DW-ը։
Նա նախօրեին ձերբակալվել էր Վիեննայում՝ ոստիկանության ավստրո-իսպանական համատեղ գործողության արդյունքում, որ332,0ի կոդավորված անունը Hammer էր։
Իսպանիայի ազգային ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն, Մազոն կասկածվում է առնվազն 4 միլիոն եվրոյի լվացման մեջ, որն իրականացրել է 2015թ․ Մարբելում կեղծ գործակալության միջոցով էքսկլյուզիվ առանձնատուն գնելու ճանապարհով։ Փողերն Իսպանիա են մուտք գործել Մազոյի շվեյցարական հաշվից։ Քննիչները ենթադրում են, որ խոսքը ՌԴ մշակույթի նախարարության բյուջեից նախկին պաշտոնյայի հափշտակած միջոցների մասին է։
Միաժամանակ, Մարբելում ձերբակալվել են պաշտոնյայի նախկին կինն ու որդին, ինչպես նաեւ նրա իսպանացի փաստաբանը։ Նրանց դեմ հանցանքի մասնակցության գործ է հարուցվել։ Այս երեքը մինչեւ դատն ազատ են արձակվել՝ պարբերաբար ոստիկանություն ներկայանալու եւ Իսպանիայի սահմանները չլքելու ստորագրության դիմաց։
Ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Մազոյի մարբելյան տանը թանկարժեք իրերով գաղտնարանի բացումը։ Դատարանը կալանք է դրել նախկին պաշտոնյայի առանձնատան, 100 000 եվրո գնահատված ավտոմեքենայի, թանկարժեք զարդերի եւ բանկային հաշվի վրա, որտեղ 160 000 եվրո է եղել։