Թուրքիան ԱՄՆ-ին քննադատել է Սիրիայում նավթային հանքավայրերի վերաբերյալ դիրքորոշման պատճառով
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ ԱՄՆ-ին քննադատության է ենթարկել Սիրիայում նավթային հանքավայրերի վերաբերյալ դիրքորոշման պատճառով, հայտնում է A Haber հեռուստաալիքը:
«Նրանք ընդունում են եւ հրապարակայնորեն ասում, որ այնտեղ ներկա են նավթային հանքավայրերի պատճառով: Սրիական պաշարների նկատմամբ ոչ ոք իրավունքներ չունի: Նրանք հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով՝ այստեղ են եկել եւ ասում են. «Մենք կգնահատենք այս երկրի նավթային հանքավայրերը»: Սա հակասում է միջազգային իրավունքի նորմերին»,- ասել է թուրք նախարարը: Չավուշօղլուն նշել է, որ նշված օբյեկտները «պատկանում են սիրիացի ժողովրդին»:
Շաբաթ ավելի վաղ Anadolu-ն հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները արաբական հանրապետությունում նավթային հանքավայրերի պահպանությունն ուժեղացնում են:
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում թուրքական գործողության շրջանից ամերիկացի զինվորականներին դուրս բերելու մասին, սակայն հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել երկրի հյուսիս-արեւելքում նավթային հանքավայրերի վերահսկողությունը:
Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության անցկացման մասին՝ այնտեղ անվտանգային գոտի ստեղծելու նպատակով։ Այն պետք է պաշտպանական գոտի հանդիսանար թուրքական սահմանի համար։ Այդ շրջան, Անկարայի մտահղացմամբ, կարող են Թուրքիայից վերադառնալ սիրիացի փախստականները։ Դամասկոսն այդ գործողությունն անվանել է ագրեսիա, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։
Հոկտեմբերի 17-ին Միացյալ Նահանգները եւ Թուրքիան ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության էին հասել: Թուրքիան համաձայնել էր 120 ժամով կրակը դադարեցնել, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի մեջ մտնող քրդական ջոկատները հեռանան Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության սահմանապահ գոտու շրջանից:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին Սոչիում հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների մասին հուշագիր էին ընդունել: Ըստ փաստաթղթի՝ ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի սահմանապահները հոկտեմբերի 23-ի կեսօրից տեղափոխվել էին Թուրքիայի ստեղծվող անվտանգության 30 կիլոմետրանոց գոտուն սահմանակից շրջաններ: