Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում բռնկված հրդեհից քաղաքացի է տուժել (Տեսանութ)
Ազգային ժողովի մոտ այսօր` նոյեմբերի 9-ին, տեղի է ունեցել ունեցած խոշոր հրդեհ, որից այրվածքներ է ստացել 1 քաղաքացի:
«Տանտերը տեսել ա, որ ծուխ է դուրս գալիս, մոտեցել է, որ դուռը բացի, կրակը տվելա դեմքին ու դեմքը, ձեռքերը վառվել ա: Հիմա իրեն տարել են հիվանդանոց: Ազգային ժողովի մոտից է կրակն ընկել իր տան վրա ու տենց վառվելա»,- ասել է հրդեհին ականատես մի տղամարդ` նշելով, որ տանը ամուսիններ էին բնակվում:
Նրա խոսքով` կինն այրվածքներ չի ստացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ–ի հաղորդմամբ, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:
Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:
Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: