«Քաղաքականությամբ զբաղվելն այդքան հետաքրքիր չէ. եկեք յուրաքանչյուրս մեր գործով զբաղվենք». Արսեն Սաֆարյանի մարզային համերգներն ու նորությունները
Երգիչներ Արսեն Սաֆարյանն ու Նարեկ Բավեյանն այս փուլում մարզային ակտիվ շրջագայությունների մեջ են: Երգիչների համատեղ համերգային արշավը մեկնարկել է Նարեկի ծննդավայր Վեդիից, որտեղ միասին հանդես գալուց հետո Արսենն ու Նարեկը որոշել են համերգները տեղափոխել նաեւ Հայաստանի այլ մարզեր ու քաղաքներ: Բացի Վեդիից՝ երգիչները հասցրել են լինել նաեւ Գավառում, Վարդենիսում, Ստեփանավանում եւ Ալավերդիում: Առջեւում համերգներ են սպասվում Սպիտակում (նոյեմբերի 9), Նոյեմբերյանում (նոյեմբերի 11), Չարենցավանում (նոյեմբերի 15) եւ Արսենի ծննդավայր Հրազդանում (նոյեմբերի 30):
Մարզերում հանդես գալու մտահաղացման, հանդիսատեսի արձագանքի եւ այսօրվա երաժշտական ճաշակի մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Արսեն Սաֆարյանի հետ:
Երգիչն անդրադառնալով մարզերում ելույթներով հանդես գալուն՝ նկատեց, որ նմանատիպ շրջագայություններն իր համար նոր չեն.
«Դեռ 2004 թ-ից շատ շրջագայություններ եմ ունեցել մարզերում: Դա առաջին փուլն էր, որից հետո շարունակվեց նաեւ 2008-ին, իսկ երրորդ փուլի մեկնարկը տրվեց անցած տարի: Ասեմ, որ այդ փուլերը շատ տարբեր են իրենց բնույթով, բայց յուրաքանչյուր երգչի համար շատ կարեւոր է անմիջական շփումը հանդիսատեսի հետ: Շատ համերգներ ենք ունեցել 2018-ին, իսկ այս տարի արդեն մնացել է հինգ համերգ: Ամեն ինչ սկսվեց Վեդիից, երբ միտք ծագեց, որ այնտեղ համերգ ունենամ. ելույթ ունեցանք Նարեկ Բավեյանի հետ, եւ այդտեղի համերգից հետո սկսեցինք միասին շրջագայություններով հանդես գալ: Պետք է նշեմ, որ այդպես շատ ավելի հետաքրքիր է, ավելի բազմաժանր են երգերը, հանդիսատեսը տարբեր երգեր է լսում եւ չի հոգնում: Նույնիսկ, եղել են դեպքեր, որ դահլիճներում ցուրտ է եղել, բայց այնքան ջերմ մթնոլորտ է տիրել, որ դա չի զգացվել եւ վերջում հանդիսատեսը ափսոսանք է հայտնել, որ համերգն ավարտվում է»:
Երգիչը ոգեւորությամբ է նշում՝ ամեն մարզում ստանում են հետաքրքիր էմոցիաներ եւ ջերմ վերաբերմունք.
«Մենք՝ ինքներս էլ այդ համերգներից հետո շատ բան ենք սովորում: Կուզեի, որ ավելի ակտիվ լինեին, որովհետեւ կարծում եմ՝ քաղաքականությամբ զբաղվելն այդքան հետաքրքիր չէ, ավելի հետաքրքիր է գնալ համերգների (ժպտում է): Վերջերս բոլորս քաղաքագետ ենք դարձել, ինչը տհաճ երեւույթ է: Եկեք յուրաքանչյուրս մեր գործով զբաղվենք եւ թեթեւ ապրենք»:
Հարցին՝ որտեղ է ավելի շատ ջերմություն ստանում՝ Երեւանո՞ւմ, թե՞ մարզերում, Արսենը պատասխանեց.
«Ես, առհասարակ, համաձայն չեմ, երբ հանդիսատեսին սկսում են բաժանել, դասակարգել: Նույնիսկ, համաձայն չեմ, երբ ասում են՝ «իմ հանդիսատեսը»: Ինձ համար հանդիսատեսը մեկն է: Խնդիրը նրանում է, թե տվյալ արտիստը որքանով է կարողանում դեպի իրեն գրավել հանդիսատեսին, բայց առանձնացնել պետք չէ: Կարծում եմ, որ մենք այն տեսակն ենք, որ յուրաքանչյուր ուղղվածության մեջ, երբ ճաշակով բան ենք լսում, դա մեզ գրավում է: Հիմա այդպես եմ մտածում, չգիտեմ՝ տասը տարի հետո ինչ կմտածեմ, բայց 20 տարվա իմ գործունեության ընթացքում եկել եմ այդ եզրակացությանը»:
Արսեն Սաֆարյանն այն երգիչներից է, որը մինչ օրս թողարկում է այնպիսի երգեր, որոնք կարճ ժամանակում դառնում են հիթեր: Երգիչը նկատել է՝ հանդիսատեսը նույն էմոցիաներով է լսում թե´ իր հին, թե´ նոր ստեղծագործությունները.
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: