Էրդողանը շարունակում է շանտաժի ենթարկել Եվրոպային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է միլիոնավոր փախստականների համար Եվրոպայի «դարպասները բացելու» իր սպառնալիքը, եթե լրացուցիչ միջազգային աջակցություն չցուցաբերվի։ Այս մասին նա հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Բուդապեշտում հանդիպման ժամանակ, հայտնում է AFP-ը։
Էրդողանը ԵՄ երկրներին կոչ է արել լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Սիրիայի հետ սահմանին «անվտանգության գոտի» ստեղծելու իր ծրագրին։
«Անկախ այն բանից, աջակցություն կլինի թե ոչ, մենք կշարունակենք ընդունել մեր հյուրերին, սակայն մինչեւ որոշակի ժամանակ»,- Օրբանի հետ համատեղ ասուլիսում ասել է Էրդողանը։
«Եթե մենք տեսնենք, որ դա չի աշխատում, ինչպես ասել եմ նախկինում, մեզ այլ բան չի մնա, քան բացել դարպասները։ Եթե մենք բացենք դարպասները, ակնհայտ է, թե ուր կգնան նրանք»,- հավելել է Էրդողանը։
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան պատրաստ է օգնել Թուրքիային։ «Առանց Թուրքիայի դուք չեք կարողանա կանգնեցնել Եվրոպա ուղեւորվող միգրանտներին»,- ասել է նա։ «Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի խուսափենք զանգվածային միգրանտներից, որոնք գալիս են Հունգարիայի հարավային սահման, եւ դրա համար մեզ անհրաժեշտ է Թուրքիայի օգնությունը»,- հավելել է նա։