Ջուլֆայում պատմական հայկական հուշարձանները ոչնչացվել են․ Ոմանք դա «մշակութային ցեղասպանություն» են անվանում․ LATimes
Դարեր շարունակ Ջուլֆայի սուրբ խաչքարերը՝ 16-րդ դարի հսկայական եւ հարուստ զարդանախշերով հուշաքարերը, կանգնած են եղել Արաքսի ափերին՝ զգոնությամբ պահպանելով աշխարհի խոշորագույն միջնադարյան հայկական գերեզմանոցը։ Երկրաշարժերը, պատերազմներն ու վանդալիզմը նոսրացրել են նրանց շարքերը, բայց 20-րդ դարի կեսերին հազարավոր խաչքարեր դեռեւս կանգուն էին, գրում է LATimes-ը։
Մինչդեռ այսօր Ջուլֆայում՝ Ադրբեջանի հեռավոր նախիջեւանյան տարածարջանում չկա ոչ մի խաչքար։ Չնայած դրանց պաշտպանության վերաբերյալ ՅՈւՆԵՍԿՕ-ի 2000 թվականի հանձնարարությանը, Hyperallergic ամսագրում այս տարի հրապարակված վկայությունները ցույց են տալիս, որ հուշարձանները թաքուն եւ պարբերաբար ոչնչացվել են՝ Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի վարած քաղաքականության շրջանակներում։
Հոդվածում նշվում է, որ ավերածությունների մասշտաբներն ապշեցնում են․ 89 միջնադարյան եկեղեցիներ, 5840 խաչքար եւ 22 000 տապանաքար։ Նշված հոդվածի համահեղինակ 33-ամյա Սիմոն Մաղաքյանը 1997-2006 թվականներին Ադրբեջանում եկեղեցիների եւ հուշարձանների ոչնչացումն անվանել է «XXI դարի մշակութային ցեղասպանություն»։
Ակտիվիստների խոսքերով, 2003 եւ 2009 թվականների արբանյակային լուսանկարները վկայում են Ջուլֆայում աշխարհի ամենամեծ միջնադարյան հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին։
Մաղաքյանը ցույց է տալիս «առաջ եւ հետո» լուսանկարների սլայդներ, արբանակային լուսանկարներ, ադրբեջանական արխիվային փաստաթղթեր ու տեսագրություններ՝ ադրբեջանական բանակի կողմից հայկական սրբավայրերի ու արտեֆակների ոչնչացման ապացույցներ։
Ի տարբերություն «Իսլամական պետության» եւ թալիբների, որոնք նպաստել են պատմական ավերակների ու հուշարձանների ոչնչացմանը, ադրբեջանական պաշտոնյաները հերքում են, որ հայկական գերեզմանոցներն ու եկեղեցիները, որոնց մասին խոսվում է, երբեւէ գոյություն են ունեցել։
«Դա ավելի վատ է, քան այն ինչ անում էր «Իսլամական պետությունը»,- ասում է Մաղաքյանը,- «Ինչպե՞ս կարող էր աշխարհը անտեսել դա։ Ինչպե՞ս Ադրբեջանը անպատիժ մնաց։ Եւ եթե ես չպատմեմ այս պատմությունը, ապա ո՞վ դա կանի։ Ես երբեք չեմ ների ինձ, եթե աշխարհը չիմանա մեր ժամանակների ամենամեծ մշակութային ցեղասպանության մասին»։
Նախիջեւանը մեկուսացված տարածաշրջան է, որը վերահսկվում է Ադրբեջանի կողմից, սակայն առանձնացված է այս երկրի մնացած մասից, որը շրջապատված է Հայաստանով, Իրանով եւ Թուրքիայով։ Պատմականորեն հայկական Նախիջեւանի տարածքը այսօր բնակեցված է առավելապես ադրբեջանցի թուրքերով։ Մաղաքյանն այն բնութագրեց որպես «նախկին Խորհրդային Միության Հյուսիսային Կորեա», որին ակնդետ հետեւում էին եւ խստորեն վերահսկում։ Մասնավորապես, Ջուլֆան դժվարամատչելի է, այն տեղակայված է Նախիջեւանի եւ Իրանի միջեւ հարավային ռազմականացված սահմանի երկայնքով։
Մաղաքյանների ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, երբ Սիմոնը 16 տարեկան էր։ Երեք տարի անց, 2005թ․, Մաղաքյանը սովորելիս է եղել քոլեջում, երբ պատահաբար աչքով է ընկել ռուսական տեղեկատվական գործակալության թղթակցությունն այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զիվորները Ջուլֆայում մուրճով ջարդում խաչքարերն ու թափում դրանք Արաքսի մեջ (Տեսանյութը նկարահանել էր Նշան Թոփուզյանը՝ հայ եպիսկոպոս, որն ապրում էր սահմանի այն կողմում՝ Իրանում):
Սառա Պիկմանը, որը նույնպես հոդվածի համահեղինակն է, համարյա նույն ժամանակ տեսել է Թոփուզյանի տեսագրությունը։ Այժմ նա պատմական գիտությունների թեկնածու է Ելի համալսարանում, իսկ այն ժամանակ նա հնագետ ուսանող էր Չիկագոյի համալսարանում եւ որոշել էր Ջուլֆայի ոչնչացված խաչքարերի պատմությունը հրապարակել «Հնագիտություն» ամսագրում։
Մաղաքյանը հոդվածը կարդալուց հետո կապվել է Պիկմանի հետ, եւ նրանք սկսել են միասին աշխատել, որպեսզի հավաքեն եւ ներկայացնեն ականատեսների վկայությունները, պատմական լուսանկարները եւ այլ ապացույցներ։ 2006թ․ նրանք դրամ են հավաքել «առաջ եւ հետո» արբանյակային լուսանկարների գնման համար եւ նկարահանել են կարճ փաստագրական «Արաքսի նոր արցունքները» ֆիլմը։
Մոտ 20 խաչքարեր, որոնք խորհրդային տարիներին հանվել են Ջուլֆայից, պահպանվում են աշխարհով մեկ թանգարանների հավաքածուներում, այդ թվում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստների թանգարանում (Թանգարանը խաչքարերն անցյալ տարի ներառել էր «Հայաստան» հայտնի ցուցահանդեսում)։
Մաղաքյանը ոչ միայն անտրտունջ տարածում է մշակութային այդ կորստի մասին տեղեկատվությունը։ Այժմ նա ՄԱԿ Անվտանգության խորհրդին համոզում է Նախիջեւանում Ադրբեջանի գործողությունների հետաքննություն սկսել։
Նրա խոսքերով, իր գլխավոր նպատակը պարզապես ստիպելն է, որ աշխարհը վկայի մշակութային ցեղասպանության ակտի մասին։