Թուրքիայում պարտքերի պատճառով քույրը եւ 3 եղբայրները ինքնասպան են եղել
Ստամբուլի Ֆաթիհի շրջանի տներից մեկում մահացած են գտել ընտանիքի 4 անդամներին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թաղամասի խանութպանը նկատել է, որ տվյալ ամենօրյա հաճախորդներից մեկը չի եկել խանութ իր պատվիրած մթերքը տանելու, որից հետո զանգահարել է, սակայն չի կարողացել կապնվել։ Ավելի ուշ, երբ նա փորձել է գնալ հաճախորդի տուն՝ դռան վրա կարդացել է՝ չմտնել, ներսում ցիանիդ կա։
Խանութպանի զանգով դեպքի վայր մեկնած եւ հատուկ հանդերձանքով տուն մտած ոստիկանները հայտնաբերել են քրոջ եւ 3 եղբայրների դիերը։
Պարզվել է, որ նրանք ցիանիդ ընդունելու հետեւանքով են մահացել։
Հարեւանները պատմել են, տանը ապրում էին քույրը եւ 3 եղբայրները, որոնք ամուսնացած չէին, իսկ վերջին տարիներին գտնվում էին ֆինանսական լուրջ խնդիրների մեջ։ Խանութպանն էլ շեշտել է, որ օրեր առաջ պարտքը չվճարելու համար անջատել էին նրանց էլեկտրականությունը։
Դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, սակայն հարեւանների միակ պնդումն այն է, որ ընտանիքը ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով։