Բոնդի մասին ֆիլմերի պաստառների ամենամեծ հավաքածուն վաճառվել է 264 հազար դոլարով
Բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի պաստառների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն վաճառվել է Անգլիայում, Prop Store աճուրդում 227,5 հազար եվրոյով (264,3 հազար դոլար), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Daily Mail-ին։
Սուպերլրտեսի դերում հանրահայտ դերասանների եւ նրանց ընկերուհիների, ինչպես նաեւ թշնամիների պատկերներով ավելի քան 500 պաստառ է միաժամանակ հանվել վաճառքի Ռիքմանսուորթ քաղաքի (Հարթֆորդշիր կոմսություն) աճուրդների կենտրոնակայանում եւ առցանց։
Ամենաթանկարժեք լոտը ԱՄՆ-ից հավաքածուն էր բոնդիանայի չորրորդ՝ Thunderball (1965) ժապավենից, որտեղ Բոնդի դերը կատարել է դերասան Շոն Քոներին։ Այն վաճառվել է 12,5 հազար եվրոյով (14,5 հազ. դոլար)։ Սակարկություններում արժեքով երկրորդը՝ 8,1 հազ. եվրո ($9,4 հազ.), Goldfinger (1964) կինոնկարի աֆիշն էր, որում 007 գործակալի հակառակորդն էր չարագործ Աուրիք Գոլդֆինգերը (գերմանացի դերասան Գերթ Ֆրեբե)։
Աճուրդի տան ղեկավար Սթիվեն Լեյնի խոսքով՝ «Ջեյմս Բոնդի մասին պաստառների աշխարհում ամենամեծ նորարարական աճուրդը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել»։ Նա հույս է հայտնել, որ այդ սակարկությունները «կդառնան բլոկբասթերների պաստառների եւս երեք աճուրդների կատալիզատոր 2020 թվականին»։
Ներկայում բրիտանացի սուպերլրտեսի մասին նկարահանվել է 24 ֆիլմ։ Դրանք կինոդիտողների մոտ մեծ հաջողություն են ունեցել. ընդհանուր մուտքերը կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար։ 007 գործակալի արկածների մասին առաջին ֆիլմը՝ Dr. No-ն, էկրան է բարձրացել 1962 թվականին։ Բոնդիանայի շարքում վերջինը ներկա պահին՝ 007: Spectre (2015)-ը (ռեժիսոր՝ Սոմ Մենդես), կինովարձույթում հավաքել է 880 մլն դոլար։ Քոներիից բացի մեծ էկրանին 007 գործակալ են եղել դերասաններ Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը (1927-2017), Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը եւ Դենիել Քրեյգը։