ԱՄՆ-ում սրճարանում հրաձգության ժամանակ մարդ է զոհվել
Սան Դիեգո քաղաքի արագ սննդի ռեստորաններից մեկում մի տղամարդ կրակ է բաց արել, զոհվել է մեկ մարդ, երկուսը՝ վիրավորվել, տեղեկացնում է NBC San Diego հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, Church`s Chicken սրճարանում։ Ինչպես տեղեկացրել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Բաթլեն, տղամարդը սկզբում փորձել է վճարել ուտելիքի համար կեղծ 100 դոլարանոց թղթադրամով եւ հեռացել է, բայց մի քանի րոպե անց վերադարձել է եւ սկսել կրակել հաստատության աշխատակիցների ուղղությամբ։
«Ներկայում մենք հետաքննություն ենք անցկացնում 3700 Picador Blvd հասցեում կատարված հրաձգության փաստով։ Կասկածյալը վեճի մեջ է մտել (սրճարանի) աշխատակցիների հետ։ Նա կրակել է թեթեւ հրազենով։ (Սրճարանի) մեկ աշխատակից սպանված է, եւս երկուսը՝ վիրավորված»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում, որը տեղադրված է Թվիթերում։
Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունն սկսել է մոտ 30 տարեկան սեւամորթ մի տղամարդ։ Նա դիմել է փախուստի, ոստիկանությունը փնտրում է նրան։