Գերմանիայում պլաստիկե տոպրակներն ուզում են արգելել
Գերմանիայի կառավարությունը 50 միկրոմետրից քիչ հաստությամբ պլաստիկ տոպրակների արտադրությունն ու օգտագործումն արգելելու մասին օրենսդրական նախագիծ է պատրաստել։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ շրջակա միջավայրի եւ միջուկային անվտանգության նախարար Սվենյա Շուլցեն։ Նախագիծն այժմ կդրվի խորհրդարանի քննարկմանը, հայտնում է DW-ը։
Նախարարի խոսքերով, արգելքը չի տարածվում աղբի, ինչպես նաեւ այն տոպրակների վրա, որոնք օգտագործվում են խանութների բանջարեղենային բաժիններում։ 15 միկրոմետրից պակաս հաստությամբ տոպրակների արգելումը կհանգեցներ թափոնների աճի, քանի որ այդ դեպքում ապրանքը ստիպված կլինեին նախօրոք փաթեթավորել, պարզաբանել է Շուլցեն։
Արգելքը կվերաբերի նաեւ, այսպես կոչված, բիոպլաստիկին։ Նախարարը նշել է, որ նման փաթեթները սպառողին մոլորության մեջ են գցում։ Շաքարից, կարտոֆիլից կամ եգիպտացորենից պատրաստված պլաստիկ զանգվածը պարտադիր չէ, որ ավելի էկոլոգիական լինի, քան սովորական պլաստիկե տոպրակները, որոնց հիմքում հում նավթի մշակումն է։ Բացի այդ, դրանց արտադրությունը կապված է պեստիցիդների եւ մոնոկուլտուրաների օգտագործման հետ, իսկ բիոպլաստիկն ինքը վատ է ենթարկվում երկրորդական օգտագործման։
Ներկայում Գերմանիայում մեկ մարդը տարեկան միջինը օգտագործում է 15-50 մկմ հաստությամբ մինչեւ 20 միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակ։ Այսպիսով, առեւտրային ցանցերի միջոցով տարեկան անցնում է 1,6 մլրդ նման տոպրակ։ Ենթադրվում է, որ դրանց փոխարինելու կգան պլաստիկից եւ պոլիեստերից բազմանգամյա օգտագործման պայուսակները, որոնք ավելի էկոլոգիական են, քան միանգամյա տոպրակները։