Մատենադարանի եւ Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել
Նոյեմբերի 6-ին Մաշտոցի անվան Մատենադարան հնագույն ձեռագրերի ինստիտուտի եւ Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Հուշագիրը կնպաստի երկու հաստատությունների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, համատեղ գիտակրթական եւ մշակութային միջոցառումների անցկացմանը:
Մատենադարանը եւ Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնը համաձայնել են զարգացնել տեղեկատվության եւ փորձի փոխանակման ոլորտում երկկողմ համագործակցությունը, աջակցել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններին:
Հուշագիրը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն ու Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեն:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Սաղանելիձեն, ինչպես նաեւ երկու երկրներից մասնագետներ: