Կլուծվե՞ն արդյոք կույրերի խնդիրները Հայաստանում. քննարկում
Հայաստանում պաշտոնապես գրանցված է 5-6 հազար կույր, այն դեպքում, երբ այդ թիվն իրականում 10-15 հազար է կազմում։ Եվ նրանց շատ խնդիրներ մնում են չլուծված։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 6-ին ասաց Հայաստանի «Կույրերի միության» մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ երկրում կույրերի գլխավոր խնդիրը մնում է տեղաշարժվելու հարցը։ «Եթե նախկինում այդ մարդիկ ապրում էին աշխատավայրից ոչ հեռու, ապա անկախությունից հետո շատերը վաճառեցին բնակարանները եւ տեղափոխվեցին քաղաքի այլ մասեր։
Հիմա, չնայած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող կույրերի համար տրոլեյբուսով եւ մետրոյով երթեւեկելն անվճար է, նրանց համար, միեւնույն է, դժվար է հասնել քաղաքի կենտրոն, ինչպես նաեւ մեր մշակույթի տուն»,- նշեց նա։
Ավետիսյանն ավելացրեց, որ բացի այդ, Մշակույթի տան մարզադահլիճում չկան անհրաժեշտ տրենաժորներ, որպեսզի կույրերը կարողանան կտրվել նստակյացությունից եւ զբաղվեն սպորտով՝ հավելյալ չվտանգելով իրենց առողջությունը։
Տնօրենը նաեւ դժգոհեց ոռոգման համակարգի բացակայությունից մշակույթի տանը հարակից 2500 քառ. մետր տարածքը ջրելու համար։
Հայագետ Ալբերտ Մուշեղյանը, իր հերթին, նշեց, որ ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունները ոչինչ չեն անում կույրերի եւ առհասարակ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կենսապայմանները բարելավելու համար։ «Ոչինչ չի անում նաեւ Կույրերի հայկական միության ղեկավարությունը, որը հսկայական աշխատավարձեր է ստանում»,- հավաստիացրել է նա։
Հոգեբան Լուսինե Դավությանն ավելացրել է, որ գոյություն ունի նաեւ մասնագետների պակասի խնդիր, որոնք գրագիտություն կսովորեցնեին կույր երեխաներին։ «Իշխանությունները պետք է սկսեն զբաղվել իրենց գործով եւ լուծեն կույրերի խնդիրները համակարգային մակարդակով։
Երեւանի պետական համալսարանի նախապատրաստական դասընթացների վարչության առաջատար մասնագետ Սաթենիկ Աբրահամյանը հայտարարել է, որ բուհում բարենպաստ մթնոլորտ է ստեղծված կույրերի սոցիալականացման համար, որոշում է ընդունվել ուսանողների այդպիսի խմբերի համար հատուկ ծրագրերի իրականացման մասին, եւ չեն բավականացնում միայն լրացուցիչ տեխնիկական միջոցներն ու որոշումները, որպեսզի նրանք կարողանան օգտվել ԵՊՀ բոլոր հնարավորություններից: «Դրանից բացի, անորոշ է մնում նրանց ճակատագիրը ուսումն ավարտելուց հետո: Ինչպես հայտնի է, այսպիսի դիմորդների համար ավելի դժվար է աշխատանք գտնել»,- ամփոփեց մասնագետը:
Նշենք, որ նոյեմբերի 13-ին ամբողջ աշխարհում նշվում է Կույրերի միջազգային օրը: Օրվա նախօրեին քննարկում էր կազմակերպվել: