Հրապարակվել է Պետերբուրգում հորն ընկած վերելակից 2 հայերին փրկելու տեսանյութը
Պետերբուրգում հորն ընկած վերելակից 2 հայերին փրկելու տեսանյութ է հայտնվել: Նշենք, որ նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նեւսկու շրջանի №18 ծննդատանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս պոկվել է վերելակի ճոպանը, որի հետեւանքով երկու բանվորներ ընկել են հորը:
«Շինարարական եւ վերելակի սարքավորումների փոխարինման աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը պոկվել է, որից հետո վերելակի խցիկը, որի մեջ 2 բանվորներ էին, ցած է ընկել, ինչի հետւանքով նրանց առողջությանը ծանր վնասվածք է պատճառվել»,- հայտնում է Սանկտ Պետերբուրգի գծով Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ֆոնտանկան»:
Երկու տուժածները ծագումով Հայաստանից են: Նրանցից մեկը 28 տարեկան է, մյուսը՝ 35: Տուժածների վիճակը ծանր է, ունեն բազմաթիվ բաց եւ փակ կոտրվածքներ, ներքին օրգանների սալջարդեր. 28-ամյա բանվորին բժիշկները տեղափոխել են շոկային վերակենդանացման բաժանմունք:
Քննչական կոմիտեն տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցել «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով: Միջոցառումներ են անցկացվում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, երեկ Operativ լրատվականը հաղորդել էր, որ դժբախտ պատահար է եղել Սանկտ Պետերբուրգում: Երկու հայ ընկել է վերելակի հորանը: