Թուրքիան մտադիր է թվային լիրա թողարկել
Թուրքիան աշխատում է բլոկչեյնի հիման վրա ազգային թվային արժույթի թողարկման ուղղությամբ։ Resmi Gazete պաշտոնաթերթը հայտնում է, որ թվային լիրայի առաջին փորձարկումները կանցկացվեն եւ կավարտվեն մինչեւ 2020թ․։
Երկրի կենտրոնական բանկը ծրագրում է լիրան թողարկել Թուրքիայի տնտեսությունն ամրապնդելու համար։ «Հիմնական նպատակը ուժեղ ինստիտուցիոնալ կառուցվածքով ֆինանսական հատվածի ստեղծումն է, որը փոքր ծախսերով կարող է բավարարել ֆինանսավորման մեջ իրական հատվածի պահանջները, հուսալի ինստիտուտների միջոցով ներդրողների լայն բազայի համար առաջարկել տարբեր ֆինանսական գործիքներ եւ սատարել գրավիչ համաշխարհային ֆինանսական կենտրոն դառնալու Ստամբուլի նպատակը»,- ասվում է փաստաթղթում։
Նաեւ ակնկալվում է, որ Չինաստանն իր թվային արժույթը հինգ տարվա հետազոտություններից եւ մշակումներից հետո կթողարկի մոտ ապագայում։
Անցյալ շաբաթ ավելի քան 200 գերմանական մասնավոր բանկերից կազմված ասոցիացիան պահանջել է թվային եվրո թողարկել։
ԱՄՆ դաշնային պահուստը նույնպես, ակնհայտորեն, ուսումնասիրում է այն հարցը, թե ինչպես թվային արժույթները ներառի իր մանրածախ վճարումների մեջ, քանի որ այդ նախաձեռնության համար մենեջեր է վարձում։