Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ եւ ներողություն խնդրի․ Հունաստանի նախագահ
Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ, պատասխան տա եւ ներողություն խնդրի։ Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նոյեմբերի 5-ին հայտարարեց Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ անդրադառնալով հայերի եւ պոնտացի հրեաների ցեղասպանությանը։
«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը եւ Պոնտացի հրեաների ցեղասպանությունը։ Ուրախ ենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ Պոնտացի հույների ցեղասպանությունը ճանաչելու համար»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ 1996թ․ Հունաստանի խորհրդարանը եւս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, իսկ 2014թ․ քրեականացրել է Հայոց ցեղասպանության հերքումը։
Հունաստանի նախագահն անդրադարձավ նաեւ երկու ժողովուրդների սփյուռքերի համագործակցությանը։ «Մենք հսկայական տարածքներ եւ մեծ թվով բնակչություն չունենք, սակայն սփյուռքի շնորհիվ մենք սահմաններ չունենք։ Սփյուռքում մարդիկ չեն մոռանում հայրենիքը, եւ դա նրանց ամենագլխավոր ձեռքբերումն է»,- նկատեց Պավլոպուլոսը՝ հավելելով, որ ինքն ակտիվորեն շփվում է Հունաստանի հայ համայնքի հետ։
Նախագահի խոսքերով, իր այցը Հայաստանի եւ Հունաստանի հարաբերություններում նոր հեռանկարներ է բացում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։
Նշենք, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։