«ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը օգտագործել են քաղաքական նպատակներով. փորձագետ
«ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն ընդդիմության կողմից օգտագործվել է քաղաքական դիվիդենտներ ստանալու եւ իշխանությանը վարկաբեկելու նպատակով: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Փորձագետը հիմնավորված չի համարում նաեւ այն կարծիքոը, որ ներկայացման մեջ եղել է սատանայական բան կամ տարրեր, որ հատուկ են ԼԳԲՏ համայնքին:
«Սակայն չկա ծուխ առանց կրակի: Մենք 2,7 մլն դրամով գիտահետազոտական աշխատանք ենք կատարում ամբողջ տարին, իսկ այստեղ այդքան փող էր տրվել միայն մեկ ներկայացման համար, որը հանրության շրջանում հակասական գնահատականներ առաջացրեց»,- նշեց նա:
Նշենք, որ նոյեմբերի 2-ին մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ներկայացվել է «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը՝ գերմանացի նկարիչ Լինդա Նաջիի բեմադրությամբ: Սա դարձել է ներկայացման մասնակիցների եւ քաղաքացիների միջեւ վիճաբանության պատճառ: Նրանցից մեկը փորձել է դերասանների վրա զելյոնկա լցնել՝ նրանց «սատանայապաշտներ» անվանելով: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը այս ներկայացման համար հատկացրել էր 2,7 մլն դրամ: