Ափսոսում եմ, որ որոշ վախկոտների պատճառով ավելորդ էներգիա եմ վատնում արդարության վերականգնման ուղղությամբ
Հոլոքոստի եւ «Իսլամական պետության» հանցագործություններից առաջ տեղի ունեցավ հայերի կոտորածը: Այս մասին ասվում է «The Jerusalem Post»-ի հոդվածում, որի հեղինակները երկրի կառավարությանը կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հոդվածում ասվում է Օսմանյան կայսրությունում հայերի սիստեմատիկ կերպով սպանությունների մասին: «Ժամանակին Հայոց ցեղասպանության մասին քաջ հայտնի էր: Օսմանյան կայսրությունում գերմանացի ռազմական կցորդը դա «ոչնչացում» անվանեց, իսկ այլ զեկույցներում ներկայացվում էին սարսափելի մանրամասներ: Կանանց ստրկացնում էին եւ բռնաբարում, երեխաներին սովամահ էին անում»,- ասվում է հոդվածում:
Հեղինակները նշում են, որ որպես պետություն Իսրայելը, որը հիմնվել է ցեղասպանությունից հետո, չափազանց լավ գիտի՝ ինչ է նշանակում լինել փոքրամասնություն, ենթարկվել կոտորածի եւ զանգվածային սպանությունների: Նրանք հիշեցնում են, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արդեն Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել: «Ցավոք, Իսրայելը նման քայլի չդիմեց՝ քաղաքական պատճառներով: Հայերի ցեղասպանության ճանաչումը կխզեր Թուրքիայի հետ հարաբերությունները: Արդյունքում անցանկալի իրավիճակ առաջացավ, երբ մեր երկիրը, որը բախվել է նման հանցագործությունների, չի կարողանում օգնել մեկ այլ երկրի, որը եւս բախվել է նմանատիպ իրավիճակի»,- ասվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակների խոսքով՝ ժամանակն է շտկել իրավիճակը այժմ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է Իսրայելի նկատմամբ սադրանքները: «Թուրքիան կարծում է, որ կարող է սպառնալ այլ երկրների, եւ որ այդ երկրները չեն ճանաչի հայերի ցեղասպանությունը՝ թուրքական հպարտության հարցը: Իսրայելն այլեւս չպետք է վախենա Թուրքիայի արձագանքից»,- կարծիք են հայտնել հոդվածի հեղինակները:
Հոդվածում նշվում է նաեւ, որ իսրայելցի պատգամավորներ Գիդեոն Սաարն ու Յայիր Լապիդը եւս կոչ են արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: «Լապիդն ու Սաարը ճիշտ են: Ժամանակն է, որպեսզի Իսրայելը եւս ճիշտ վարվի՝ ոչ թե վրեժ լուծի Թուրքիայից, այլ շտկի սխալը»,- եզրափակում են հեղինակները: