Հունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Տեսանյութ)
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը նոյեմբերի 5-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հունաստանի նախագահին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նախագահ Պավլոպուլոսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Հունաստանի նախագահը նաեւ շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:
«Հայոց ցեղասպանության հիշողությունը պետք է պահպանվի, չէ որ եթե ցեղասպանությունները մոռացվեն, այդ հանցագործությունները նորից կկրկնվեն: Սա ուղերձ է Երեւանից բոլորին: Տեսնում ենք, որ աշխարհում նմանատիպ իրադարձությունները կրկնվում են, եւ կան անձինք, ովքեր թշնամի են մարդուն եւ քաղաքակրթությանը: Մենք վերապրել ենք նույն սարսափը, ինչ հայերը: Անչափ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին եւ կառավարությանը մեզ հյուրընկալելու համար, որովհետեւ հայ-հունական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, եւ մենք պետք է պահպանենք այս ընդհանուր հիշողությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հունաստանի նախագահը:
Այնուհետեւ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղեւնի տնկեց:
1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում էկայացրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: