Armenian Power բանդայի առաջնորդ Մհեր Դարբինյանին դատապարտել են 18 տարվա բանտարկության
Հայկական քրեական Armenian Power («Հայկական ուժ») ավազակախմբի առաջնորդներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ֆինանսական մեքենայությունների համար։
Դարբինյանը, որը հայտնի է Մայք մականվամբ, պետք է վճարի նաեւ 170 հազար դոլարի տուգանք եւ փոխհատուցում։
Հինգ տարի առաջ Դարբինյանն արդեն մեղավոր ճանաչվել էր եւ դատապարտվել 32 տարվա բանտարկության խարդախ դավադրությանը մասնակցելու պատճառով, որը ներառում էր դրամաշորթություն, բանկային մեքենայություն եւ սքիմինգ սխեմաների (բանկային քարտի տվյալների գողություն հատուկ հաշվիչ սարքի օգնությամբ) օգտագործում։ Բայց վերաքննիչ դատարանը չեղարկեց դատավճիռը։
Հունիսին Դարբինյանն ընդունեց մեղքը մեղադրանքի 30 կետերով, տեղեկացնում է Los Angeles Daily News-ը։
2011 թվականի փետրվարի 16-ին Կալիֆոռնիայում ջախջախվեց հզոր եւ հայտնի Armenian Power փողոցային բանդան։ Դատախազները մեղադրանքներ ներկայացրին խմբավորման 90 ներկայացուցչի։ Նրանցից գրեթե բոլորը դատապարտվեցին։
Բանդայի մեկ այլ առաջնորդ՝ Արման Շարոպետրոսյանը, դատապարտվեց 16 տարվա բանտարկության։
Հայտնի է, որ Դարբինյանն ԱՄՆ է եկել Հայաստանից 14 տարեկանում եւ հայտնվել ավազակային շրջապատում՝ հետագայում դառնալով խմբավորման առաջնորդներից մեկը։
Armenian Power-ը ստեղծվել է հայ ներգաղթյալների միջավայրում, որոնք եկել են Լոս Անջելես 1980-ականների վերջին։ Խմբի մասնակիցները մեղադրվում են դրամաշորթության, առեւանգումների, փողերի լվացման եւ թմրանյութերի վաճառքի մեջ։