ԱՄՆ պատժամիջոցները Իրանի ղեկավարությանը ստիպել են ծախսերը կրճատել. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցները Իրանին լուրջ վնաս են հասցրել եւ երկրի եկավարությանը ստիպում են ծախսերը կրճատել: Այս մասին պետքարտուղարն ասել է Fox Business-ի հետ հարցազրույցում:
Պետքարտուղարի կարծիքով՝ պատժամիջոցներն «իսկապես ազդում» են Թեհրանի վրա: Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն «պետք է շարունակի ճնշում գործադրել» Իրանի վրա: «[Լիբանանյան շիական կուսակցություն] «Հիզբոլլահի», որոշ շիական կազմավորումների ռեսուրսներն ավելի են պակասել, Իրանում մուսուլման առաջնորդները ստիպված են իրենց բյուջեի վերաբերյալ ավելի դժվար որոշումներ ընդունել»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները կխստացնեն Իրանի դեմ քաղաքականությունը: «Կարծում եմ, որ եվրոպացիները ստիպված կլինեն հասկանալ, որ իրանցիները սխալ ճանապարհով են գնում»,- ասել է նա: Պոմպեոն պնդել է, որ Թեհրանը փորձում է «Եվրոպայից եւ Արեւմուտքից միջոցներ շորթել»: Նրա խոսքով՝ «սա Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների շրջանում մտահոգություն է առաջացնում»:
Երկուշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Թեհրանի դեմ պատժամիջոցային ցանկի ընդլայնման մասին՝ դրա մեջ ներառելով Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը, ինչպես նաեւ երկրի 9 քաղաքացիների, որոնց թվում է երկրի հոգեւոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին եւ Իրանի իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Ցուցակում է մասնավորապես Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին, ինչպես նաեւ մի ամբողջ շարք գեներալներ, հոգեւորականներ եւ պաշտոնյաներ: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին իր հերթին հայտարարել էր, որ Վաշինգտոնի նման գործողությունները վկայում են միայն նրա «հուսահատության եւ դիվանագիտությունը շահավետ օգտագործելու անընդունակության մասին»: