The New York Times-ը ԻՊ առաջնորդի վերացման բոլոր արժանիքները վերագրել է շանը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ շուտով Սպիտակ տուն կբերեն շանը, որին օգտագործել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման գործողության ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք (The New York Times-ը) գործողությունն այնքան վատ են ներկայացրել, որքան հնարավոր է։ Ես շներին սիրում եմ, բայց նրանք բոլոր արժանիքները (վերագրել են) շանը,- նշել է Թրամփը՝ երկուշաբթի երեկոյան հանդես գալով կողմնակիցների առջեւ Քենթուկի նահանգում։- Շունն արժանի է գովեստի եւ շատ շուտով կգա Սպիտակ տուն»։
Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր կենդանու լուսանկարը Թվիթերի իր էջում։ «Մենք գաղտնազերծել ենք այս հիանալի շան լուսանկարը (անունը չենք գաղտնազերծել), որն այդքան հիանալի աշխատանք է կատարել ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին հետեւելու եւ վերացնելու գործում»,- գրել է ԱՄՆ նախագահը։
ԻՊ առաջնորդի վերացման մասին Թրամփը հայտարարեց հոկտեմբերի 27-ին։ Նրա խոսքով՝ ալ Բաղդադին վերացվել է հատուկ գործողության ընթացքում սիրիական Իդլիբ նահանգում։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել գործողությանն աջակցելու համար Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային եւ Թուրքիային։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ասել են, որ հավաստի տեղեկատվություն չունեն ալ Բաղդադիի վերացման մասին։ Համաշխարհային հանրությունը ԻՊ առաջնորդի վերացումն անվանել է կարեւոր, բայց ոչ վճռորոշ քայլ՝ կոչ անելով շարունակել պայքարն ահաբեկչության դեմ։