ԵԱՏՄ-ն պատրաստ է Ասիայի երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը. Մեդվեդև
Բրունեյը, Ինդոնեզիան, Կամբոջան, Թաիլանդն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման նկատմամբ: Այս մասին Արեւելաասիական XIV գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միասնական շուկայի ստեղծման փորձ է ձեւավորվել Եվրասիական տնտեսական միությունում, կցանկանայի նշել, որ կազմակերպությունը բաց է շահագրգիռ երկրների հետ համագործակցության համար»,- ասել է նա:
Մեդվեդեւը հիշեցրել է, որ նմանատիպ համաձայնագրեր են կնքվել Վիետնամի, Սինգապուրի եւ Չինաստանի հետ, բանակցություններ են ընթանում Հնդկաստանի հետ:
ՌԴ վարչապետը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է միավորել Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, ԵԱՏՄ-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության պոտենցիալը՞
Միասնական բաց շուկա
Մեդվեդեւը ափսոսանք է հայտնել, որ պատժամիջոցները քաղաքական ճնշման գործիք են դարձել:
«Ցավոք, այսօր աշխարհում տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, որոնք գործիք են դարձել քաղաքական ճնշման եւ անբարեխիղճ մրցակցության համար: Այդ ամենը մեզ մղում է անորոշության մեջ: Ռուսաստանը տեսնում է, թե ինչպես են մի շարք պետություններում աճում հովանավորչական տրամադրությունները: Դրանք մասշտաբային առեւտրային պատերազմների են հանգեցնում»,- նշել է նա:
Ընդ որում, Մեդվեդեւի խոսքով, Ասիայում, հակառակը, լայն տարածում են գտնում նոր ձեւաչափերը, կառուցողական եւ ոչ կոնֆլիկտային համագործակցությունը: «Դա ապացուցում են տարածաշրջանում ձեւավորված միջպետական հարաբերություններն ու միասնական բաց եւ ոչ խտրական շուկա ստեղծելու Ասիայի երկրների տրամադրվածությունը»,- նշել է Մեդվեդեւը՝ հավելելով, որ ռուսական կողմը դա ողջունում է: