ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հետ որոշ երկրների հարաբերությունների համատեքստում համերաշխության հարցեր են առաջանում. ՌԴ դեսպան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ադրբեջանի հետ որոշ երկրների հարաբերությունների համատեքստում համերաշխության հարցեր են առաջանում: Այս մասին նոյեմբերի 4-ին «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա նկատեց, որ ՀԱՊԿ դերի եւ արդյունավետության հարցը քննարկվում է գրեթե ամեն օր թե ԶԼՄ-ներում, թե Հայաստանի փորձագիտական շրջանակներում, եւ սուր հարցեր են բարձրացվում, օրինակ՝ կապված կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հետ: Դեսպանը նշեց, որ դրանից բացի, առաջանում են կազմակերպության շրջանակում համերաշխության հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի հետ որոշ երկրների հարաբերությունների համատեքստում:
Կոպիրկինը նկատեց, որ դրանք ուշադրություն պահանջող շատ կարեւոր խնդիրներ են, սակայն կարեւոր է նաեւ նշել, որ այդ քննարկումների եւ բանավեճերի հետեւում հաճախ չի երեւում ՀԱՊԿ-ի հիմնական գործունեությունը:
«Կազմակերպության շրջանակում հատուկ ծառայությունների, ՆԳՆ-ի, ԱԻՆ-ի փոխգործակցության մեխանիզմներ են ստեղծվել: Քննարկվում են անվտանգության այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են՝ ահաբեկչություն, ծայրահեղականություն, թմրանյութերի անօրինական շրջանառություն, ռազմատեխնիկական համագործակցություն: Այդ ամենը տեսանելի չէ լայն հանրությանը, սակայն ամենօրյա փոխգործակցության մաս է կազմում: Կարեւոր է հիշել դա»,- հավելեց դիվանագետը:
Դեսպանը նշեց, որ ՀԱՊԿ քարտուղարությունն ու անդամ պետությունները պետք է լրջորեն աշխատեն ՀԱՊԿ իրական գործունեության մասին տեղեկատվության վրա՝ լայն հանրությանը հասցնելու համար:
«ՀԱՊԿ-ը ռազմական կազմակերպություն է, որն ունի կառույցներ, որոնք մշակում են գործնական հարցերը, որոնց թվին են պատկանում ռազմավարությունների մշակումը, ԶՈւ գործողությունների մարտավարությունը եւ այլն։ Անվտանգության թեման շատ կարեւոր է հատկապես աշխարհի ամենամեծ մայրցամաքի՝ Եվրասիայի համար, որտեղ գոյություն ունեն տարբեր համակարգեր, գոյություն ունեն անկայունության բազմաթիվ օջախներ։ Փոխկապակցված աշխարհի եւ դինամիկ զարգացող միջազգային հարաբերությունների պայմաններում բարձր է հավաքական անվտանգության համակարգերի դերը, որոնց պատկանում է նաեւ ՀԱՊԿ-ը, որը գործում է ընդհանուր մոտեցումների, շահերի եւ արժեքների հիման վրա»,- պարզաբանեց դիվանագետը։
Կոպիրկինն ասաց, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը շատ կարեւոր դեր է խաղում գործունեության օրակարգի ձեւավորման գործում, թույլ է տալիս ավելի լավ գիտակցել խնդիրների լուծման հավաքական մոտեցման կարեւորությունը՝ վստահություն հայտնելով, որ ՀԱՊԿ ԽՎ վաղվա նիստը կդառնա նոր քայլ կազմակերպության զարգացման ուղղությամբ։
«Ռուսաստանը հատուկ ուշադրությամբ է վերաբերվում ինչպես հավաքական անվտանգության խնդիրներին, այնպես էլ դաշնակիցներից յուրաքանչյուրի հետ հարաբերություններին։ Ռուսաստանի առանցքային դաշնակիցներից է նաեւ Հայաստանը։ Մենք ելնում ենք այն բանից, որ մեր հավաքական փոխգործակցությունը անվտանգության ապահովման մեր ընդհանուր գործունեության կարեւոր տարրն է»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։