«ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք հատուկ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ».Վաղարշակ Հարությունյանը՝ ՀԱՊԿ երկրների կողմից Բաքվին զենքի վաճառքի մասին
ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք հատուկ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ, բայց, պետք է ուշադիր լինել և համեմատական անցկացնել այլ կազմակերպությունների հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
«Ամենաազդեցիկը ՆԱՏՕ-ն է, եւ, եթե նայում ենք, թե ինչ խնդիրներ կան այնտեղ եւ այստեղ՝ ՀԱՊԿ-ում, կարելի է ասել՝ մոտավորապես նույն կարգի խնդիրներ են: Վերջին անգամ Մակրոնը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այո՛, ՀԱՊԿ-ում էլ կան խնդիրներ, բայց պետք է գիտակցենք, որ սպառնալիքները տարբեր պետությունների համար տարբեր են»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, ՀԱՊԿ-ն տարածաշրջանում կայունացնող գործոն է:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ ասելով, ՀՀ-ի դեպքում՝ հասկանում ենք ռուսական բազան Գյումրիում, հայկական բանակը եւ Ռուսաստանի այլ ուժերը, որոնք գործում են այս տարածաշրջանում:
Դիտարկման, որ ՀԱՊԿ անդամներն Ադրբեջանին զենք են վաճառում՝ Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ դա իրապես խնդիր է. «Սա լուրջ խնդիր է, որովհետեւ այստեղ մի բան կա. երբ խոսում ենք ՀԱՊԿ-ից, պետք է հասկանանք, որ սրա հիմքում դրված է մի օրենք՝ սպառնալիքը մեր պետության համար, դա սպառնալիք է բոլոր պետությունների համար: Ըստ այդմ՝ այդ պետությունները չպետք է գործեն եւ անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որեւէ պետության անվտանգության դեմ:
Զենք վաճառելը գործում է այդ տրամաբանության մեջ, բայց այստեղ պետք է հաշվի առնել. Մի պարագայում այն ապահովում է բալանսը, մյուս պարագայում՝ խախտում: Այնպես որ՝ կան նման խնդիրներ, եւ սրա մասին պետք է խոսվի եւ լուծում գտնվի»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը: