LED լուսաարձակների տեղակայումը՝ համայնքային բյուջեի տնտեսման միջոց. Շնողում ակտիվ աշխատանքներ են իրականացվում
Լոռու մարզի Շնող գյուղի անվան ծագումնաբանությունը կապվում է հողը շենացնելու եւ կառուցելու հետ: Գյուղում այդպես էլ ձգտում են ապրել, սակայն այստեղ կան գրեթե նույն խնդիրները, որոնք հատուկ են հեռավոր մարզերի բնակավայրերին: Դրանցից մեկը փողոցների լուսավորությունն է, որը համայնքը փորձել է լուծել, սակայն ցանկալի արդյունք չի արձանագրվել: Լուսավորվել է գյուղի որոշակի հատվածը, իսկ ծախսատար լապտերներն էլ շարքից հաճախակի են դուրս եկել՝ առաջացնելով նոր՝ ֆինանսական, խնդիրներ: Չարդարցված ծախսերը կրճատելու եւ լուսավորության խնդիրը լուծելու համար, Շնողին աջակցել են գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Մարզերում ենթակառուցվածքների զարգացումն ու էկո-կենսակերպի խրախուսումը կարեւոր համարող գործընկերները, Գուգարաց լեռնաշղթայի արեւելյան մասում գտնվող այս գյուղում սկսել են LED լուսարձակների տեղակայման աշխատանքները:
Ծրագրով նախատեսվել է լուսավորել 1,4 կմ երկարությամբ հատված, սակայն ուսումնասիրությունների փուլում որոշակի ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել նաեւ համայնքը: Դրա շնորհիվ, նախապես հաշվարկվածի փոխարեն՝ լուսավորվող հատվածի երկարությունը հասել է 1.8 կմ-ի: Տեղում կա այն գիտակցությունը, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարելու հիմքերը պետք է սկսել խնայողությունից: Հին եւ ոչ լիրաժեք լուսատուներն այդ ամենն անհնար էին դարձնում: LED լուսատուները խնայողության, բնահապահանական արդյունքի եւ լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են:
«Ընթանում է համակարգի ներդրման ավարտական փուլը: Տեղադրված հենասյուների վրա իրականացվում են հոսանքալարերի մոնտաժման եւ լուսարձակների տեղադրման աշխատանքները: Գյուղում տեղադրվելու է էներգախնայող 47 LED լուսարձակ: Շահագործման հանձնելուց հետո, հնարավոր կլինի համեմատել եւ իմանալ փոփոխությունից հետո արձանագրված արդյունքը»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:
«Աշխատանքներն ավարտին հասցնելուց եւ համակարգը շահագործելուց հետո, կարող ենք հստակ հաշվարկել ու հասկանալ հին եւ նոր՝ LED լուսարձակների ծախսային տարբերությունը: Թեեւ արդեն իսկ համոզված ենք, որ ծախսը քիչ է լինելու: Ցանկալի կլինի, որպեսզի ապագայում LED-երով փոխարինվեն նաեւ երկրորդական փողոցների լուսարձակները: Հին լուսատուները շատ արագ դուրս են գալիս շարքից, միշտ առաջանում է դրանք նորերով փոխարինելու անհրաժեշտություն, ինչը հանգեցնում է հավելյալ ծախսերի»,-ասել է Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Մայրաքաղաքից շուրջ 200 կմ հեռավորության վրա գտնվող Շնող գյուղում, աշխատանքային իրարանցումը ոգեւորությամբ է ընդունվում: Կա այն վստահությունը, որ հեռավոր գյուղն անտեսված չէ, նորարար տեխնոլոգիան հասանելի է նաեւ այստեղ եւ վերջապես՝ խնայողությունը զգալի արդյունքը կտա համայնքի բյուջեին: