Մահացել է դերասան Բրայան Տարանտինան, որը խաղացել է «Դոննի Բրասկո» դրամայում
Շաբաթ առավոտյան հոլիվուդյան կինոյի վետերան Բրայան Տարանտինային Մանհեթենի իր տանը մահացած են գտել, հայտնում է TMZ-ն:
60-ամյա դերասանի ողբերգական մահվան հավանական պատճառների թվում նշվում է թմրանյութերով գերդոզավորումը:
Սեփական աղբյուրներին վկայակոչելով՝ պորտալը հայտնում է, որ դերասանին հայտնաբերել է նրա զարմուհին, որը եկել էր նրան տեսակցելու: Նրան բազմոցի վրա անշունչ գտնելով՝ նա զանգահարել է «911» ծառայություն:
Տեղ հասած ոստիկանները եւ բժիշկները դիակի կողքին սպիտակ փոշի են հայտնաբերել, որը, հավանաբար, թմրանյութ է:
Մահվան ստույգ պատճառը կորոշվի դիահերձման արդյունքում:
Ընդ որում՝ դերասանի ներկայացուցիչ Լորրի Սմիթը նշել է, որ դերասանը մահացել է երկարատեւ հիվանդության հետեւանքով: Նրա խոսքով՝ նա մեկ ամիս բուժվում էր, քանի որ սրտի հետ կապված խնդիրներ ուներ:
Կինոյի աշխարհում Բրայան Տարանտինան հայտնի է դեռեւս 1980-ական թվականներից: Նա նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում եւ սերիալներում, ինչպես՝ «Կառլիտոյի ճանապարհը», «Դոննի Բրասկո», «Սոպրանո կլանը», «Օրենք եւ կարգ», «Գիլմորի աղջիկները»: