Շվարցենեգերը Ստալոնեին ստիպեց խաղալ անհաջող կատակերգության մեջ
Հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Ջիմի Քիմելի շոուում պատմում է, թե ինչպես է խաբեությամբ իր գործընկեր Սիլվեսթեր Ստալոնեին ստիպել նկարահանվել «Կանգնիր, թե չէ մաման կկրակի» կատակերգությունում, – գրում է Daily.Afisha- ն:
1992 թվականին նկարահանված կատակերգությունը համարվում է հոլիվուդյան ամենաձախողված ֆիլմերից մեկը: Ըստ Շվարցենեգերի, նա հաճախ վիճում էր Ստալոնեի հետ այն մասին, թե իրենցից ով է ավելի հաջողակ կինոյի աշխարհում: Երբ մարտաֆիլմերի հերոսը նկարահանվեց մի քանի կատակերգություններում, կոլեգան որոշեց ետ չմնալ:
«Կանգնիր, թե չէ մաման կկրակի» ֆիլմում դերը նախ առաջարկեցին Շվարցենեգերին, բայց սցենարը նրան դուր չեկավ: Այնուհետև ռեժիսորը դիմեց Ստալոնեին:
Վերջինս զանգահարեց «Տերմինատորին»՝ խորհուրդ հարցնելու: Շվարցենեգերը հավաստիացրեց, որ կատակերգությունը փայլուն ֆիլմ է լինելու։
Հեռուստաշոուի թողարկումից մեկ օր անց Ստալոնեն ասաց, որ չի ափսոսում ֆիլմում նկարահանվելու համար: Չնայած նրան խաբեությամբ ստիպեցին դա անել: