Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» նոր առաջնորդ ունի, եւ ԱՄՆ-ը գիտի՝ ով է նա
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր առաջնորդ ունի, եւ ԱՄՆ-ը գիտի, թե ով է նա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
««Իսլամական պետությունը» նոր առաջնորդ ունի, եւ մենք հստակ գիտենք՝ ով է նա»,- գրել է նա Twitter-ում:
Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտնել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ժամանակ ալ-Բաղդադին գործի է դրել մահապարտի գոտին, ավելի ուշ հաջողվել է «արագ» նույնականացնել նրան:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանը հստակ տեղեկություն չունի ալ-Բաղդադիի «հերթական» ոչնչացման մասին:
Իսլամիստների հետ կապ ունեցող Amaq կայքը հայտնել է, որ ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդի մահը: