«Փորձում եք բոլոր ազգերին իջեցնել ձեր մակարդակին». Ստամբուլյան կոնվենցիայի դեմ երթը հասել էր ԵԽ գրասենյակ (Տեսանյութ)
Նրանք, որոնք դեմ կգնան մեր ազգային գոյության ձեւերի պահպանմանը, դեմ կգնան հայկական արժեքներին, ովքեր կփորձեն արտաքին ճնշումների ներքո ստիպեն, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, այդ կազմակերպություններն ու անձինք թող ականջներին օղ անեն, որ այդ կոնվենցիան Հայաստանում տեղ չունի, պայքարը լինելու է մինչեւ վերջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երեւանում ԵԽ գրանսենյակի դիմաց հայտարարել են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները:
«Սա արժեհամակարգային պատերազմ է, իսկ պատերազմում կռվում են մինչեւ վերջ: ԵԽ-ին հորդորում ենք՝ սրանից հետո Հայաստանին միջազգային պայմանագրեր դեմ տալուց հասկանան, որ կարող են տակը մնան, որ իրենց պայմանագրերը վերցնեք ու գրողի ծոցը գնաք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն էլ ասաց, որ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումները, որոնք այսօր տեղի են ունեցել ԱԺ-ում ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ, ոչ մի արժեք չունի, քանի որ այն գաղտնի է պահվել ժողովրդից:
Ակցիայի մեկ այլ մասնակից դիմելով եվրոպական երկրներին, նշեց. «Դուք փորձում եք բոլոր մաքուր պետություններին, ազգերին իջեցնել ձեր մակարդակին: Մենք իջնելու տեղ չունենք: Մի երկիր, որտեղ օջախում մայրը սուրբ է, դուք չեք կարող նրան նսեմացնել: Հավասարություն տալ, նշաբնակում է տալ գնահատական, իսկ մեր օջախի մայրերը չունեն գնահատական, նրանք սուրբ են, աստվածուհիներ են մեզ համար: Եկել եք ասում եք՝ հայ կինը չպետք է ճնշվի, հայ կինը սեռական առանձնահատկություն է: հայ կինը կին չպետք է կոչվի, նա հայ մայր է, քույր է, սրբամայր է»:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել պատգամավորների և Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումը՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Քննարկումը փակ էր: Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրեվիոյի նախագահ Մարսելին Նաուդին:
Միաժամանակ ԱԺ բակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է ընթացել, որից հետո տեղի է ունեցել երթ Երեւանի փողոցներով: