Թրամփը հայտնել է, որ հարկային գրանցման վայրը փոխել է քաղաքական գործիչների վատ վերաբերմունքի պատճառով (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարկային գրանցման վայրը Նյու Յորքից Ֆլորիդա փոխելը բացատրել է իր հանդեպ քաղաքի քաղաքական գործիչների վատ վերաբերմունքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չնայած ես տարեկան միլիոնավոր դոլար հարկ եմ վճարում քաղաքին, նահանգին եւ տեղական հարկեր, ինչպես քաղաքի, այնպես էլ նահանգի քաղաքական առաջնորդներն ինձ շատ վատ են վերաբերվել: Քչերի հետ են այդքան վատ վարվել: Ինձ համար անչափ տհաճ էր նման որոշում կայացնելը, բայց այսպես, վերջին հաշվով, ավելի լավ կլինի բոլոր մասնակիցների համար»,- ուրբաթ գրել է նա իր Twitter-յան էջում:
Նշվում է, որ Թրամփի «տեղափոխությունն» արտացոլում է գործերի իրական վիճակը. նախագահի պաշտոնը զբաղեցնելով՝ նա 99 օր անցկացրել է Մար ա Լագոյում եւ միայն 20 օր՝ Trump Tower-ում:
Նյույորքցի մի շարք պաշտոնյաներ դատարանի միջոցով փորձում են հասնել նրան, որ Կոնգրեսը հասանելիություն ստանա Թրամփի հարկային հայտարարագրերին: Նյու Յորքի դաշնային դատարանը հոկտեմբերի սկզբին դատախազներին թույլ էր տվել պահանջել նախագահի եւ նրա ընկերության 8 տարվա հարկային հայտարարագրերը: Այս որոշման կատարումը հետագայում կասեցվել էր Վաշինգտոնի վերաքննիչ դատարանի կողմից, որը քննել էր վերաքննիչ բողոքը:
Թրամփի քաղաքական հակառակորդները եւ մի քանի դատախազներ ուզում են հասնել Թրամփի հարկային հայտարարագրերի հրապարակմանը՝ հույս ունենալով դրանցում գտնել օրենքի հնարավոր խախտումների վկայություններ: Թրամփը հրաժարվում է հայտարարագրերը հրապարակել՝ հայտարարելով, որ դրանք առայժմ հարկային ծառայությունում աուդիտ են անցնում: Փաստաթղթերի հրապարակումը կարող է լույս սփռել Թրամփի կարողության չափի, պարտքային պարտավորությունների եւ այն ժամանակահատվածի գործարքների վրա, երբ նա բիզնեսմեն էր եւ զբաղվում էր անշարժ գույքով:
ԱՄՆ սահմանադրությունում չի նշված՝ կարո՞ղ են արդյոք պետության ղեկավարին քրեական մեղադրանքներ առաջադրվել։ Դաշնային դատախազներին արգելված է հայցեր ներկայացնել գործող նախագահներին, բայց այդ արգելքը կառուցվում է ոչ թե դատական նախադեպի, այլ արդարադատության նախարարության նորմերի վրա։ Դատարանի ներկա որոշումը կարող է վեճ առաջացնել այս թեմայով, վերջին խոսքը կպատկանի բարձրագույն դատական ատյանին՝ Գերագույն դատարանին։
Նրա խոսքով՝ որպես նախագահ ինքը այսուհետ եւս կօգնի Նյու Յորքին եւ նրա բնակիչներին։
Ավելի վաղ New York Times թերթը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի վերջին Թրամփը ներկայացրել է «հայտարարագիր բնակության վայրի մասին», որում ապրելու հիմնական վայր նշված է նրա Մար ա Լագո կալվածքը Ֆլորիդայի հարավում։
Նախագահի «գրանցման» նախկին վայրը նշված էր Trump Tower երկնաքերը Մանհեթենի կենտրոնում, որտեղ գտնվում է նաեւ Թրամփի ընկերության գլխավոր գրասենյակը։ Որպես լրացուցիչ հասցեներ նշված են Սպիտակ տունը եւ գոլֆ-ակումբը Նյու Ջերսի նահանգում։ Պաշտոնական բնակության վայրի փոփոխության մասին նման փաստաթղթեր է ներկայացրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։