Ասադը Թրամփին ԱՄՆ լավագույն նախագահն է համարում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բնութագրել է որպես երկրի պատմության մեջ լավագույն նախագահի, քանի որ նա անկեղծորեն հայտարարում է իր նպատակների, օրինակ՝ նավթային հանքավայրերի վերահսկողությունը հափշտակելու մասին։ Սիրիայի պետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ասադը հայտարարել է, որ Թրամփը լավագույն նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նա լավագույնն է ոչ թե լավ քաղաքականության, այլ այն բանի համար, որ առավել թափանցիկ է, նա ուղիղ ասում է՝ «մեզ նավթ է պետք», «մենք ուզում ենք ազատվել այսինչից», «ուզում ենք ծառայություններ մատուցել փողի դիմաց»։ Այսպիսին է ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան անկեղծ թշնամին»,- հայտարարել է Ասադը։
Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահները հանցագործներ են, որոնք, այնուամենայնիվ, երբեմն խաղաղության Նոբելյան մրցանակ են ստանում՝ փաստորեն միայն լոբբիի շահերն իրականացնելով։
Ասադը նաեւ հայտարարել է, որ Դամասկոսը չի շփվել ԱՄՆ-ի հետ ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքրա Ալ Բաղդադիի ոչնչացման հարցով եւ չի հավատում նրա սպանության իսկությանը, քանի դեռ վկայություններ չեն ներկայացվել։
«Մենք որեւէ կապի մեջ չենք եղել ամերիկյան ինստիտուտների հետ Ալ Բաղդադիի վնասազերծման հարցով։ Եւ ինչն ավելի կարեւոր է, մենք չգիտենք՝ եղել է արդյոք իրականում նման գործողություն, թե ոչ»,- ասել է Ասադը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Ալ Բաղդադիի մահը եւ նույնիսկ բոլոր զինյալների մահը ազդեցություն չեն ունենա ընդհանուր իրավիճակի վրա, քանի դեռ կենդանի է ահաբեկչական գաղափարախոսությունը։