Վարչապետ Ադել Աբդուլ Մահդին պատրաստ է հրաժարական տալ․ Իրաքի նախագահ
Վարչապետ Ադել Աբդուլ Մահդին պատրաստ է հրաժարական տալ, եթե խորհրդարանական խմբակցությունները համաձայնեցնեն թեկնածուին, որը նրան կփոխարինի, որպեսզի խուսափենք սահմանադրական վակուումից։ Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բահրամ Սալիհը, հայտնում է AP-ը։
Սալիհն իր ելույթում հինգշաբթի օրն աջակցություն է հայտնել ցուցարարներին, սակայն ասել է, որ կտրուկ փոփոխությունները պետք է կատարվեն սահմանադրական ճանապարհով։ Նա կոչ է արել ընտրությունների մասին նոր օրենք ընդունել եւ հայտարարել է, որ դրա ընդունումից հետո հավանություն կտա արտահերթ ընտրությունների անցկացմանը, հայտնում է Reuters-ը։
Հոկտեմբերի սկզբից Իրաքում անցկացվում են զանգվածային ցույցեր, որոնց ընթացքում առնվազն 250 ցուցարարներ զոհվել են անվտանգության ուժերի հետ բախման հետեւանքով։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարական եւ քաղաքական համակարգի վերակառուցում։