Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը 2020-ին ծրագրում է անցում կատարել հեռուստասերիալների նկարահանման այլ ձևաչափի
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը 2020-ին ծրագրում է շարունակել հեռուստասերիալների նկարահանումները, սակայն այլ ձևաչափով: Այս մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:
Նրա խոսքով՝ ենթադրվում է փոխել սերիալների տեւողությունը:
«Մենք մտադիր ենք ոչ թե 32 սերիանոց, այլ 16 սերիանոց հեռուստաֆիլմեր նկարահանել: Այդպիսով, մենք կբարձրացնենք դրանց ստեղծագործական բաղադրիչը, ինչպես նաեւ կնվազեցնենք հեռուստասերիալներից հոգեբանական կախվածությունը»,- ասաց Շիրինյանը: