Ռոնալդուի բացառիկ հարցազրույցը France Football-ին (լուսանկարներ)
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար, Եվրոպայի չեմպիոն, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն բացառիկ հարցազրույց է տվել France Football-ին:
Հարցազրույցի ընթացքում 34-ամյա հարձակվողը խոսել է իր մարզավիճակի, Լիոնել Մեսիի, Նոբելյան մրցանակի, սովորելու և ընտանիքի մասին:
Նախընտրած հանդիպումները
«Եթե ամեն ինչ կախված լիներ միայն ինձնից, ես չէի մասնակցի իմ թիմերի բոլոր հանդիպումներին: Կխաղայի միայն այն հանդիպումներում, որոնք կարևոր են: Այդպիսի հանդիպումները մոտիվացնում են ինձ:
Այնուամենայնիվ, սա ֆուտբոլ է, և մենք պարտավոր ենք մեզ պահել որպես պրոֆեսիոնալ մարզիկներ և հարգանք ցուցաբերել այն ակումբի նկատմամբ, որի կազմում հանդես ենք գալիս:
Եթե ակումբը քեզ վճարում է, ապա պետք է ամբողջ ուժը ներդնել թիմի հաջողությունների գործում»:
Լիոնել Մեսիի մասին
«Մեսիի հետ մրցակցության ազդեցությունը զգում էի, երբ խաղում էի Իսպանիայում: Ասում են, որ մրցակցությունը մարզիկներին ավելի ուժեղ է դարձնում, և ես համաձայն եմ այդ մտքի հետ:
Մեսին վերջերս հայտարարել է, որ կցանկանար ինձ տեսնել Իսպանիայում, սակայն ես կարողանում եմ բարձր մակարդակի խաղ ցուցադրել և լավագույնը լինել նաև առանց նրա հետ անմիջական մրցակցության:
Ես հայտնվել եմ նոր առաջնությունում, նոր թիմում, և կան շատ այլ հանգամանքներ, որոնք ինձ մոտիվացնում են»:
Իր մասին
«Յուրաքանչյուր խելացի մարդ ձգտում է լինել լավագույնների կողքին և սովորել նրանցից: Ես այդպես էի վարվում, երբ խաղում էի «Մանչեսթեր Յունայթեդում»: Սքոուլզ, Գիգզ, վան Նիստելռոյ, Ֆերդինանդ։ Եթե ես նրանցից ոչինչ չսովորեի, ինձ հիմար կհամարեի: Ես առանձնացրել եմ լավագույն ֆուտբոլիստների լավագույն կողմերը և դրանք համապատասխանեցրել իմ խաղաոճին:
Շնորհակալ եմ սըր Ալեքս Ֆերգյուսոնին, առանց որի ես երբեք չէի հասնի այն նվաճումներին, որոնց հասել եմ:
Ցույց տվեք ինձ մի ֆուտբոլիստի, որը 34 տարեկանում «Յուվենտուսի» պես բարձր մակարդակ ունեցող ակումբում կարողանում է խաղալ այնպես, ինչպես ես:
Կարծում եմ՝ ես իդեալական ֆուտբոլիստ եմ, որը թույլ կողմեր չունի: Ես արագաշարժ եմ, ուժեղ, կարողանում եմ գոլեր խփել թե աջ, թե ձախ ոտքով»:
Կարգապահությունը՝ հաջողության գրավական
«Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Յուվենտուսը» մրցեց «Լոկոմոտիվի» հետ: Այդ ակումբը չցանկացավ ֆուտբոլ խաղալ և դիմեց հայտնի ավտոբուսի մեթոդին: Նրանք ամուր պաշտպանություն էին ստեղծել, և մեզ համար շատ դժվար էր գոլ խփելը:
Այդ խաղում ես այդպես էլ գոլի հեղինակ չդարձա և շատ հիասթափված էի: Տուն հասա առավոտյան ժամը 4-ին, լոգանք ընդունեցի և քնեցի: Արդեն ժամը 10-ին ես արթնացա, իսկ ժամը 11-ին սկսեցի մարզումներս: Այս կարգապահության շնորհիվ ես կարողանում եմ 15 տարի բարձրակարգ ֆուտբոլ խաղալ:
Պետք չէ հուսահատվել և ինչ որ պահի կանգ առնել: Պետք է անդադար աշխատել և շարժվել առաջ»:
Նոբելյան մրցանակի մասին
«Ես արդեն նշեցի, որ միշտ սովորել եմ և ցանկանում եմ սովորել լավագույններից: Դա չի վերաբերվում միայն սպորտին: Ինձ դուր է գալիս կարդալ Նոբելյան մրցանակի դափնեկիրների մասին պատմությունները, իմանալ՝ ինչ են նրանք արել մարդկության համար:
Ի վերջո, Նոբելյան մրցանակն իր բնույթով նման է «Ոսկե գնդակին»:
Ընտանիքի և ուսման մասին
«Տարիներ առաջ ես բացահայտեցի, որ մեծ սխալ եմ գործել՝ դպրոցում վատ սովորելով: Չէի սիրում դպրոցը և չէի սովորում այնպես, ինչպես պետք էր:
Կանեմ ամեն ինչ, որպեսզի իմ երեխաները չկրկնեն այդ սխալը: Նրանք նոր պետք է գնան դպրոց, և ես շատ հետևողական եմ լինելու նրանց ուսման հարցում:
Այժմ ինքնակրթությամբ եմ զբաղվում: Ցանկանում եմ գաղափար ունենալ շատ թեմաներից: Գրքեր եմ կարդում բժշկության, յոգայի մասին»:
Կրիշտիանու Ռոնալդուն պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 2002 թվականին՝ պորտուգալական «Սպորտինգի» կազմում: 2003-2009 թվականներին Ռոնալդուն հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում 3 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, 1 անգամ՝ Անգլիայի գավաթակիր, 2 անգամ՝ Անգլիայի Լիգայի գավաթակիր, 1 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 1 անգամ էլ՝ ՖԻՖԱ-ի ակումբային առաջնության չեմպիոն:
Մանչեսթերից հեռանալուց հետո Ռոնալդուն 9 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»: Պորտուգալացի հարձակվողն Արքայական ակումբում 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 2 անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթակիր, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, 3 անգամ՝ ՖԻՖԱ-ի ակումային առաջնության չեմպիոն:
2018 թվականին Ռոնալդուն պայմանագիր կնքեց Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ, որի կազմում իր առաջին մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն, այնուհետև՝ Իտալիայի Սուպերգավաթակիր:
Պորտուգալիայի ազգային հավաքականում Ռոնալդուն իր նորամուտը նշել է 2003 թվականին: Ռոնալդուի առաջնորդությամբ Պորտուգալիան 2016 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն, նաև 2018-2019 մրցաշրջանում՝ Ազգերի լիգայի չեմպիոն:
Ռոնալդուն համարվում է ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկը: 814 խաղում 34-ամյա հարձակվողը դարձել է 609 գոլի և 211 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում մինչև այժմ արժանացել է ավելի քան 40 անհատական մրցանակի: