Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Էրդողան
Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված բանաձեւին։ Այս մասին չորեքշաբթի ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
(«Հայոց ցեղասպանության ճանաչման մասին) բանաձեւը անօգուտ է։ Թուրքիան այն չի ճանաչի»,- ընդգծել է պետության ղեկավարը, որին մեջբերում է Reuters գործակալությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին։ Նման բանաձեւեր տասնամյակներ շարունակ դիտարկվել են կոնգրեսականների կողմից, բայց այդպես էլ քվեարկության չեն դրվել։ Ամերիկացի մեկնաբանների կարծիքով՝ այս քայլերը կհանգեցնեն ամերիկա-թուրքական հարաբերությունների լուրջ վատթարացման։
Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Այդ օրը 1915 թվականին սկսվեց Կոստանդնուպոլսից հայ մտավորականների բռնագաղթը։ Հայոց ցեղասպանությունն անվանում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային աքսոր եւ ոչնչացում։
Թուրքիան չի ընդունում ցեղասպանություն տերմինը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն ժամանակ Օսմանյան կայսրությունում եղբայրասպան պատերազմ էր մղվում, եւ բոլոր կողմերը մեծ կորուստներ էին կրում։ Անկարան բացել է օսմանյան արխիվները եւ հրավիրում է պատմաբաններին ուսումնասիրել դրանք 100-ամյա վաղեմության դեպքերին օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու համար։ Հանրապետությունը ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության ճանաչման ցանկացած փորձի։